Թավշյա հեղափոխությունը Սփյուռքում բոլորին ոգևորել է. ամերիկահայ գործարար. տեսանյութ

«Արտաքին ներդրումներն ինչպե՞ս կարող ենք գրավել Հայաստանում: Մենք ձեւերը գտել ենք եւ բերել ենք», – Թոնի Մորոյանը Սիլիկոնի հովտում գործող առավել հայտնի հայերից մեկն է: Նա տասնյակ ընկերությունների հիմնադիր է, հայաստանյան «ԱրմԹեք» համաժողովի համահիմնադիրն ու նախագահը: 1991-ից ի վեր Մորոյանը փորձում է իր գիտելիքներն օգտագործել ի նպաստ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը:

Գործարարի խոսքով, հայ մասնագետները տարբերվում են առավել ճկուն լուծումներով.

«Հայկական ուղեղը շատ մրցակցային է, մենք մրցակից ժողովուրդ ենք, միմյանց հետ էլ ենք շատ մրցակցում, դրան մեզ պատմությունն է նախապատրաստել՝ պետք է լինեինք մրցակցող, որպեսզի գոյատեւեինք»:

Մորոյանի խոսքով, երբ տեխնոլոգիական աշխատանքների պատվիրատուներն իրեն հարցնում են, թե ինչու ընտրեց Հայաստանը, այլ ոչ թե Չինաստանը կամ Հնդկաստանը, նրա պատասխանը հիմնվել է տասնամյա փորձի վրա.

«Երբ նախագիծ են իրականացնում Հնդկաստանում՝ կավարտեն, կբերեն որակով, բայց երբ Հայաստանում կիրականացնենք՝ նախագիծը որակով է եւ հետն էլ հայերը 2-3 նոր գաղափարներ կառաջարկեն: Դա է մեզ տարբերում մյուսներից»:

Թոնի Մորոյանի խոսքով, այսօր Հայաստանում կան բարձր տեխնոլոգիաների փայլուն մասնագետներ, սակայն, նրանց երկրի ներսում պահելու համար անհրաժեշտ է ապահովել բարձր վարձատրվող աշխատատեղեր, ուստի՝ արտերկրյա ներդրումներ են պահանջվում.

«Հայաստանում մարդիկ կարծում են, թե աշխատավարձն է որոշիչ: Դա սխալ է՝ աշխատավարձը միայն չէ, որ արտաքին ներդրում անողը վերլուծում է»:

Ներդրողին առաջին հերթին անհրաժեշտ է համոզված լինել, որ Հայաստանում իր ներդրումները պաշտպանված են, որ երկրում գործում է արդար դատաիրավական համակարգ: Ինչ վերաբերում է Սփյուռքի հայերի ներդրումներին, այս դեպքում իրավիճակն այլ է, ավելացնում է Մորոյանը.

«Հայաստանը շատ բարձր դիրք ունի Ամերիկայում՝ թե՛ կառավարությունը, թե՛ Սփյուռքի գաղութը Սիլիկոնի հովտի եւ Լոս Անջելեսի սքանչելի են: Մենք մեդալի համար չենք անում: Այդ մեդալն ինչ պետք է անեմ՝ տա՞նը դնեմ: Եթե առիթ տրվի Սփյուռքին՝ գան, օգնեն, նույնիսկ անվճար: Իրենք կուզեն միայն, որ եթե բան են անում, ժամանակ են ծախսում, ապա արդյունքը տեսնեն»:

Գործարարի խոսքով, Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունը», որը Սփյուռքում սկզբից անհանգստությամբ ընդունվեց, այժմ բոլորին ոգեւորել է.

«Կարծում եմ, ժամանակն է, որ պետք է երթանք։ Եւ առիթ է՝ Հայաստանն ազատագրվեց»:

«Ամերիկայի ձայն»

Scroll Up