Հայաստանը պիտի դառնա մի վայր, որտեղ մարդիկ պետք է գան, աշխատեն ու հարստանան. Մխիթար Հայրապետյանն այցելեց «Ինժեներական քաղաք»

Օգոստոսի 28-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու նախարարի տեղակալԱրամայիս Գրիգորյանն այցելեցին Երևանում կառուցման փուլում գտնվող «Ինժեներական քաղաք»:

«Ինժեներական քաղաք»-ը գտնվում է Բագրևանդ 21/1 հասցեում, այստեղ իրականացվելու են ուսումնական հետազոտություններ, կառուցվելու են ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ: Քաղաքը բաղկացած է լինելու հետազոտական, արտադրական և կրթական հատվածներից:

«Ինժեներական քաղաք»-ում նախատեսվում է սթարթափների հիմնում, ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում ու վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում:

Քաղաքի գաղափարը պատկանում է «Ինժեներական  ասոցիացիա»-ին, որի նախագահն է Արամ Սալաթյանը: Արամ Սալաթյանի և «Ինժեներական  ասոցիացիա»-ի անդամ Սուրեն Էյրամջյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանն ու Արամայիս Գրիգորյանը շրջեցին «Ինժեներական պլազա»-ով, որտեղ էլ իրականացվում են ինժեներական աշխատանքները մինչև «Ինժեներական քաղաք»-ի կառուցումը:

Աշխատանքներում ներգրավված են նաև սփյուռքահայ մասնագետներ: «Մեզ համար կարևոր է, որ Հայաստանը դառնա հնարավորությունների երկիր»,- նշեց Արամ Սալաթյանը:

«Ինժեներական քաղաք»-ը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ տեխնիկական ֆակուլտետների հետ, ինչպես նաև շարունակելու է ապահովել սփյուռքահայ երիտասարդ մասնագետների  ներգրավվածությունը համատեղ գիտական, գիտատեխնիկական, կոմերցիոն նախագծերում:

Մխիթար Հայրապետյանը ողջունեց այս նախաձեռնությունն ու ընդգծեց, որ իսկապես ժամանակն է, որ Հայաստանը դադարի պարզապես հուզական տարածք լինելուց, այն պետք է դառնա մի վայր, որտեղ պետք է մարդիկ գան, աշխատեն ու հարստանան:

Այստեղ  մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները:

Նախարարն ու փոխնախարարը  շրջայց  կատարեցին  նաև Ինժեներական գրադարանում, Տիեզերքի և գիտության թանգարանում, ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին:

Scroll Up