Հոլանդաբնակ Սյուզին «Քայլ դեպի տուն» ծրագրում հետաքրքիր ժամանակ է անցկացնում

Տասնյոթամյա Սյուզի Գրիգորյանը ծնվել է Հայաստանում: 2008 թվականին ընտանիքի հետ տեղափոխվելով Հոլանդիա՝ կապը ծննդավայրի հետ չի խզել. շփվում է հարազատների հետ, հեռուստացույցի, համացանցի միջոցով Հայաստանի մասին պատմող ֆիլմեր կամ հաղորդումներ է դիտում՝ այդպիսով սփոփելով կարոտը:

Ճիշտ է, հոլանդական դպրոց է հաճախում, բայց հայերեն խոսելն իրենց ընտանիքում գերիշխում է, քանի որ գիտակցում են օտարության մեջ Մայրենիով խոսելու կարևորությունը: Դպրոցում հայ ընկերուհիներ էլ ունի, որոնց հետ մտերմացել է, ազատ օրերին հաճախ են հանդիպում, զբոսնում և հաճելի ժամանակ անցկացնում:

«Հոլանդիա գնալուց հետո առաջին անգամ եմ լինում Հայաստանում: Անսահման կարոտել էի իմ երկիրը, մարդկանց, ուտելիքները: Տեսնելով Երևանի ներկայիս զարգացած վիճակը, բարեկարգ այգիներն ու ժամանցի վայրերը՝ շատ ուրախացա, մեծ սիրով հոլանդացի ընկերներիս կհրավիրեմ Հայաստանը տեսնելու»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սյուզին:

Տեղեկանալով ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասին՝ Սյուզին որոշել է անպայման մասնակցել, քանի որ կարծում է՝ այն Սփյուռքի երիտասարդներին Հայաստանի շուրջ համախմբելու, նրանց հայկական ավանդույթներին ու մշակույթին ծանոթացնելու հիանալի միջոց է: Միաժամանակ ցանկանում է ավելի լավ ճանաչել իր Հայրենիքը և աշխարհի տարբեր երկրներից ծրագրին մասնակցող հասակակիցների հանդիպել:

Արդեն հինգ օր է, որ Սյուզին խմբի հետ շրջում է ծրագրով նախատեսված վայրերով, հայոց լեզվի և ճանաչողական դասընթացների մասնակցում:

Խոսելով տպավորությունների մասին՝ նա ասաց, որ հետաքրքիր ժամանակ է անցկացնում, ծրագրի կազմակերպիչները հոգատար են իրենց  հանդեպ և անում են ամեն ինչ, որ իրենք գոհ մնան:

Անհամբեր սպասում է ճամբար գնալուն, քանի որ իմացել է՝ այնտեղ նույնպես հագեցած առօրյա են ունենալու. ազգային երգ ու պար են սովորելու, մարզական միջոցառումների են մասնակցելու, հանդիպելու են պետական գործիչների և հանրային ճանաչում ունեցող մարդկանց հետ:

Գևորգ Չիչյան

Scroll Up