Սիրիայի հայ համայնքի պատմության ուսումնասիրությունը սկսել էի, երբ դեռ ուսանող էի Լիբանանում. Անի Ֆիշենկճյան

Վերջերս Երևանում լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Սփյուռքի և գաղթօջախների բաժնի և Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի գիտաշխատող, հայաստանաբնակ սիրիահայ Անի Ֆիշենկճյանի «Սիրիայի հայ համայնքի պատմություն. 1946-1970թթ.» գիրքը, որի շուրջ հեղինակի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ը:

– Հարգելի´ Անի, ի՞նչն առիթ հանդիսացավ գրելու «Սիրիայի հայ համայնքի պատմություն. 1946-1970թթ.» գիրքը: Ինչո՞ւ է ընտրվել հատկապես 1946-1970-ական թվականները:

– Սիրիայի հայ համայնքի պատմության ուսումնասիրությունը սկսել էի, երբ Լիբանանի Համազգային հայագիտական բարձրագույն հիմնարկի երկրորդ կուրսի ուսանող էի: 1997 թվականին բախտ վիճակվեց ուսումս կատարելագործելու Երևանի պետական համալսարանում և 1998 թվականին «Պետական քննական հանձնաժողովի հատուկ որոշմամբ» ինձ շնորհվեց Պատմության Մագիստրոսի աստիճան (դիպլոմայինիս թեման էր «Սիրիահայ մամուլը 1920-1980 թթ.» աշխատությունը, որը դեռ անտիպ է):

Նույն թվականին ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկանի` պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանի և Հայոց պատմության ամբիոնի վարիչի` պատմ․ գիտ․ դոկտոր, պրոֆ․, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի որոշմամբ դարձա հայցորդ և որպես թեմա հաստատվեց՝ «Սիրիայի հայկական համայնքը 1946-1971 թվականներին», իսկ գիտական ղեկավարս դարձավ պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը:

Թե ինչո՞ւ ընտրվեց վերոնշյալ ժամանակաշրջանը. բոլորին ծանոթ է Հ. Խ. Թուփուզյանի գիտական և բովանդակալից մենագրությունը, որի խորագիրն է «Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների պատմություն 1841-1946 թթ.» (Երևան, 1986) աշխատությունը: Հետագա տարիներին թեև այս համայնքների մասին հրապարակվել են գիտական հոդվածներ, սակայն չկար, բացակայում էր ամբողջական աշխատություն, որը կարտացոլեր 1946-ից հետո ընկած ժամանակահատվածի, հատկապես՝ Սիրիայի հայ համայնքի քաղաքական, տնտեսական, հասարակական և կրթաշմակութային կյանքը: Ուստի վերևում հիշատակված մեծերի հանձնարարական էր, որ ես կատարեի այդ աշխատանքը: Եվ ես՝ որպես Սիրիայի հայ համայնքի զավակ, ստանձնեցի այդ պարտականությունը: Այսպես սկսվեց այս մենագրության պատմությունը:

2004 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի (ԳԱԱ ՊԻ) դահլիճում կայացավ «Սիրիայի հայկական համայնքը 1946-1971 թվականներին» խորագրով իմ ատենախոսության հրապարակավ պաշտպանությունը, և ինձ շնորհվեց Պատմական գիտությունների թեկնածուի կոչում: Ընդունված կարգի համաձայն պետք է հրապարակվեր իմ մենագրությունը, սակայն Հալեպ վերադառնալով՝ Սիրիահայ օգնության խաչի Շրջանային վարչությունն ինձ հանձնարարեց իրենց 90-ամյա կազմակերպության գործունեության հուշամատյանի պատրաստությունը, որը 5 տարվա պրպտումից և աշխատանքից հետո լույս տեսավ 2010 թվականին Հալեպում:

2014 թվականին Երևան գտնվելով՝ ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրենի` ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հանձնարարականով վերսկսեցի իմ ատենախոսության աշխատանքը: Խմբագիր նշանակվեց պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: Ավելի ուշ խմբագիր դարձավ պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանը, իսկ գրախոսը` բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը:

Որպես մենագրություն՝ արխիվային նոր տվյալներով և գրականությամբ հարստացած, աշխատությունս այսօր հանձնում եմ գիտական շրջանակի և ընթերցող հասարակության դատին:

– Ի՞նչ պարունակություն, բաժիններ ունի գիրքը, ո՞րն է ասելիքը և ո՞ւմ է ուղղված:

– Մենագրությունն ունի ներածություն, չորս գլուխներ՝ իրենց ենթագլուխներով, մատենագիտական ցանկ, անձնանունների և տեղանունների ցանկ, արաբերեն և անգլերեն ամփոփում: Աշխատությունը հարստացած է համայնքի պատմությանն առնչվող լուսանկարներով (33) և փաստաթղթերով (6): Գրքում ներկայացված են`

– Համայնքի ձևավորման (կազմավորման) տարիները և ազգային իշխանության առաջ ծառացած դժվարությունները, ֆրանսիական մանդատի տարիներին ֆրանսիական իշխանության վերաբերմունքը Սիրիայի հայ համայնքի նկատմամբ, համայնքային կյանքը, հայերի մասնակցությունը Սիրիայի բանակին (համառոտ) և այլն:

– Սիրիայի անկախության տարիներին տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո հայերի մասնակցությունն այդ պայքարին: Հետանկախության (1946-ից հետո) տարիներին հայերի մասնակցությունը երկրի վերելքին, Հայրենիք-Սփյուռք մշակութային առնչություններն ու Սիրիա-Խորհրդային Միություն տնտեսական կապերը և այլն:

-Հայրենադարձություն:

-Կրթամշակութային կյանքը (կրթական կյանք, դպրոցներ, գրական, երաժշտական, թատերական, մամուլ ․․․․(համառոտ)), նաև բարեսիրական կազմակեպությունների, մշակութային, մարզական և հայրենակցական միությունների գործունեությունն ու առաքելությունը համայնքի կյանքում:

Ողջ աշխարհը, համայն հայությունն ու ի մասնավորի՝ Սիրիայի համայնքի զավակները քաջ գիտակցում են Սիրիայի Արաբական Հանրապետության մատուցած ծառայությունը Թուրքիայի կողմից կազմակերպված անմարդկային արարքի հետևանքով Հալեպում ապաստանած տարագիր ու տարաբախտ, անօթևան հայերի, որբերի և որբևայրիների նկատմամբ: Կիլիկիայից ու Արևմտահայաստանից այնտեղ ապաստանած հայերն այդ հողաշերտի վրա ապաստան փնտրեցին, որպեսզի հայրենիքի հետ իրենց հոգևոր կապն ամուր մնա` հույս ունենալով, որ մի օր պիտի բացվեն Կիլիկիո երկիր դրախտավայրի դռները և պիտի վերադառնային վերակառուցելու իրենց քանդված շեները: Սիրիահայը թե՛ Սիրիայում և թե´ Սիրիայից դուրս դարձավ արևմտահայոց մշակույթի ու բարքերի ավանդակիրն ու տարածողը` համապատասխանեցնելով տեղի պայմաններին և նոր երանգ տալով հայոց դարավոր մշակույթին: Սփյուռքի համապարփակ պատմության ուսումնասիրությունը պիտի փաստե մեր խոսքերը:

Այսօր պատմությունը կրկնվելով՝ մենք ականատես եղանք այն փաստին, որ սիրիահայերից ոմանք սիրիական պատերազմի հետևանքով նախընտրեցին ապաստան գտնել իրենց մայր հայրենիքում: Սա պատահականություն չէ, այլ ցեղի ոգեկանչն է, որը դարեր շարունակ մենք կրել ենք մեր արյան մեջ:

– Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:

– Ուսումնասիրել եմ Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արխիվատան, Բերիո Հայոց թեմի արխիվները (Լիբանան), Բերիո Հայոց թեմի և Սիրիահայ օգնության խաչի Շրջանային և տեղական մասնաճյուղերի վարչությունների արխիվները (Հալեպ), հայրենի և սփյուռքահայ պատմաբանների մենագրություններն ու գիտական հոդվածները, հայրենի և սփյուռքահայ, ինչպես նաև արաբական մամուլը, մարզական, հայրենակցական, մշակութային միությունների հուշամատյանները, անտիպ հուշերը:

Այցելություններ եմ կատարել, բացի Հալեպից, Սիրիայի տարբեր հայկական համայնքներ և հանդիպում-զրույց ունեցել համայնքի պատասխանատուների հետ (Կամիշլի, Դերիք, Ռաս Ուլ Այն, Հասիչե, Լաթաքիա, Դամասկոս):

– Փորձենք հակիրճ բնութագրել Սիրիայի հայկական համայնքի պատմությունը (ձեր գրքի նյութից ելնելով և, ընդհանրապես): Ինչպիսի՞ն է այն, ի՞նչ հետք է թողել ո´չ միայն ազգային կյանքում, այլև Սիրիայի պատմության մեջ:

– 1946-1970 թթ. ընդգրկող ժամանակահատվածը Սիրիայի Արաբական Հանրապետության նոր և նորագույն պատմության ամենախնդրահարույց, ամենահանգուցային շրջաններից է: Տվյալ թվականների Սիրիայի հայ համայնքի պատմության ուսումնասիրությունն ունի գիտական, քաղաքական մեծ կարևորություն և այժմեականություն:

Սիրիայի հայ համայնքի այդ ժամանակաշրջանի պատմության շարադրանքին զուգահեռ՝ անդրադարձել ենք Սիրիայի Արաբական Հանրապետության պատմությանը (համառոտ), որովհետև յուրաքանչյուր ժամանակահատվածի ներքին` քաղաքական, տնտեսական և հասարակական ու արտաքին-տարածաշրջանային իրադարձություններն իրենց դրական և բացասական ազդեցությունն են ունեցել համայնքի, հատկապես՝ տնտեսական և կրթամշակութային կյանքում:

Հակառակ հարուցված բազմապիսի խոչընդոտներին՝ համայնքը կարողացել է հաղթահարել այդ դժվարությունները` շնորհիվ բանիմաց ազգային գործիչների և համայնքապետերի:

Պետական գործիչները, սիրիացի արաբ մտավորականները միշտ էլ գովեստով են արտահայտվել հայերի ունեցած ներդրման մասին, հատկապես՝ երկրի տնտեսության և արհեստագործության բնագավառում: Մեծ հայրենադարձության (1946-1948 թթ.) տարիներին հաճախ հարց են տվել. «Հայերն ինչո՞ւ են լքում Սիրիան և մեկնում Հայաստան, մի՞թե իրենք` արաբները, որևէ ձևով թերացել են իրենց պարտականությունը կատարելիս» և այլն:

Այս ժամանակաշրջանի մասին կարելի է հատորներ գրել․ մեր մենագրությունը կարող է ուրվագիծ հանդիսանալ հետագա հետազոտողների համար:

– Գիրքն արդյո՞ք կունենա՛ շարունակություն:

Այո՛: Գիրքն ունի շարունակություն: 2016 թվականին ՀՀ ԳԱԱ ՊԻ գիտխորհրդի և Սփյուռքի և համայնքների բաժինի կողմից հաստատվել է Սիրիայի հայ համայնքի 1971-2011 թթ․ ընկած ժամանակահատվածի պատմության ուսումնասիրությունը: Թեման մեծամասամբ ուսումնասիրված է, շարադրանքն արդեն սկսել ենք, բայց թե երբ կհրապարակվի, ոչինչ չեմ կարող ասել:

– Եվ վերջին հարցը. ինչպիսի՞ն եք տեսնում Սիրիայի հայկական համայնքի պատմությունն այսօր, ապագայում:

– Սիրիայի հայ համայնքի այսօրն ու ապագան կախված է Սիրիայի անվերջանալի պատերազմի և տարածաշրջանային ներքաղաքական, ներհամայնքային խնդիրներից, ինչպես նաև գերտերությունների «ախորժակից»: Համայնքային կյանքն այսօր շարունակվում է, բայց նրա գոյերթի պատմությունը խոր ուսումնասիրության կարիք ունի: Այս կամ այն երևույթից ելնելով՝ հնարավոր չէ եզրակացություններ անել:

Զրույցի վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրենությանը, գիտխորհրդի պատմաբաններին, Սփյուռքի և գաղթօջախների բաժնի բոլոր գործընկերներիս, մենագրությանս լույս ընծայմանն աջակցող իմ մեկենասներին, նաև բոլոր նրանց, որոնք նպաստեցին այս աշխատանքին՝ նկարներ տրամադրելով: Եվ վերջապես` ձեզ, սիրելի´ Լուսինե:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up