Կրասնոյարսկի «Արմենիա» պարախմբի համերգները Հայաստանում

Այս ամառ Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի Կրասնոյարսկ քաղաքի «Արմենիա» ժողովրդական խորեոգրաֆիկ պարախումբը: Խումբը մասնակցեց Աբովյան և Դիլիջան քաղաքներում անցկացվող փառատոներին, ինչպես նաև Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Սփյուռքի հայ համայնքների պարախմբեր»-ի համերգին, որը կայացավ հուլիսի 13-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից արժանացավ պատվոգրի:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են պարախմբից, այս շրջագայության շնորհիվ 50-ից ավելի պատանիներ և երիտասարդներ, որոնցից շատերն առաջին անգամ էին եկել հայրենիք, ծանոթացան Հայաստանի պատմությանը և մշակույթին: Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից խումբն իր ողջ կազմով հրավիրվեց նախարարություն, որտեղ կայացավ նախարարի հետ հանդիպումը և քննարկվեց հետագա համատեղ ծրագրերը:

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հուլիսի 21-ին տեղի ունեցավ «Արմենիա» պարախմբի մենահամերգը: Երեկոն վարում էր բոլորի կողմից ճանաչված դերասան և հաղորդավար Սարգիս Նաջարյանը: Հյուրերի շարքում էին ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ:

«Արմենիա» պարախումբն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 2000 թվականին՝ Ռոբերտ Ասատրյանի ղեկավարությամբ: 2009 թվականին ստացել է Ժողովրդական կոչում: Խմբի՝ 2010 թվականին կայացած հոբելյանական համերգի ժամանակ «Արմենիա» պարախումբը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով՝ Սփյուռքում հայկական մշակույթի պահպանման և զարգացման  համար:

2011 թվականից պարախումբը ղեկավարում են Գեորգի Մելքոնյանը և Արփինե Ասատրյանը: Փորձառու ղեկավարների շնորհիվ խումբն ունի մոտ 180 աշակերտ՝ 7 տարբեր տարիքային խմբերից բաղկացած, 50 և ավելի պարային բեմադրություններ: Այս տարիների ընթացքում «Արմենիա» պարախումբը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոների՝ Անապա (2012թ), Նովոսիբիրսկ (2015թ), Աստանա (2017թ), Կրասնոյարսկ (2011-2018թթ), Սոչի (2018թ) քաղաքներում՝ գրավելով ամենաբարձր հորիզոնականները:

2017թ ապրիլին Մոսկվայում կայացավ «Հայորդիք» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին ՌԴ տարբեր քաղաքների պարախմբերը: Ժյուրիի կազմում էին Հայաստանի պարարվեստի և մշակույթի հայտնի գործիչներ՝ Արա Գևոգյանը, Գագիկ Գինոսյանը, Ռուդիկ Բարսեղյանը, Անահիտ Սարգսյան և այլք: Մրցույթին «Արմենիա» պարախումբը գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը, արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության կողմից պարգևատրվել Ոսկե շքանշանով:

Խումբը շարունակում է իր ակտիվ գործունեությունը և մտադիր է ամեն տարի իր մասնակցությունն ունենալ Հայաստանում կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին:

Scroll Up