Ասմունքի համահայկական փառատոնի 9 մրցանակակիրներից 3-ը Մոսկվայի «Հայորդյաց տան» սաներ են

Հայոց առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Մոսկվայի «Հայորդյաց տան» սաներ՝ Նաիրա Ալեքսանյանը, Մարինա Հակոբյանը և Էդուարդ Իսկանդարյանը դարձան Ասմունքի 7-րդ մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիրներ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Արմինե Կարեյանը, հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը Շուշիում իրենց ուժերը չափեցին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 8-17 տարեկան 120 սաներ։ Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը, փառատոնի հովանավոր Ալեք Բաղդասարյանը, աջակից-կազմակերպիչ Սարգիս Գալստյանը: Ներկաներին իր օրհնությունը փոխանցեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, նախարարի տեղակալը ներկայացրեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը, փառատոնին բարի ընթացք մաղթեցին Վլադիմիր Կասյանը և Նարինե Աղաբալյանը։

«Ալեք Բաղդասարյանը, Սարգիս Գալստյանի և իրենց աջակիցների հետ 7 տարի առաջ նախաձեռնեցին փառատոնի անցկացումը։ Այդ տարիներին Շուշին վիրակապերի մեջ էր և դժվարությամբ էր շնչում։ Թերևս նաև դրանով սկսվեց Շուշիի վերազարթոնքը։ Այսօրվա Շուշին շահեկանորեն տարբերվում է այդ ժամանակվա Շուշիից, և այս փառատոնն անչափ համահունչ է վերածնվող Շուշիի դիմագծին»,- իր ողջույնի խոսքում ասաց Նարինե Աղաբալյանը։

Ստեղծման օրվանից ի վեր ժյուրիի գրեթե անփոփոխ կազմում ընդգրկված են բանասեր-գրականագետներ, դերասաններ։ Այս տարի այն ղեկավարում էր բան․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը։ Մրցութային երկու օրերի ընթացքում ժյուրին լսեց և գնահատեց մասնակիցներին երեք՝ 8-12, 13-14 և 15-17 տարիքային խմբերում։

Փառատոնի խորագիրը համանուն էր Արցախյան ազատամարտի 30 և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակներին։ Մոսկվայի «Հայորդյաց տան» սաներին փառատոնին պատրաստել էր կրթօջախի ուսուցչուհի Ալվինա Հովհաննիսյանը։ 8-12 տարիքային խմբում 1-ին և 2-րդ կարգի մրցանակակիրներ դարձան համապատասխանաբար՝  Նաիրա Ալեքսանյանը և Մարինա Հակոբյանը, իսկ 15-17 տարիքային 55 մասնակիցներից 1-ին կարգի մրցանակի արժանացավ Էդուարդ Իսկանդարյանը՝ ներկայացնելով «Եռագույնը Շուշվա բերդին» ստեղծագործությունը։

Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան առաջին մրցանակակիրները, ինչպես նաև Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախումբը, երգիչ Տիգրան Մկրտչյանը։ Փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացան պատվոգրերի։

Մրցույթի ողջ ընթացքում ծանոթանալով և մտերմանալով միմյանց՝ մասնակիցները հեռացան իբրև հաղթողներ, ովքեր տեսան, ճանաչեցին հայրենի բնօրրանի ևս մի անկյուն։ Փառատոնի մասնակիցները եղան Արցախի և Հայաստանի Հանրապետությունների տեսարժան վայրերում, այդ թվում՝ Գանձասարում, Տիգրանակերտում, Հունոտի կիրճում, Դադիվանքում, Նորավանքում, յուրովի ընկալեցին և իրենցը դարձրեցին հայրենի բնօրրանը, ճանաչեցին այն ոչ թե նկարներից կամ տեսահոլովակներից, այլ քայլեցին հայոց հաղթանակած հողում և վերադարձան՝ խրոխտ ասմունքը թողնելով անպարտելի Շուշիում և հայրենիքի անբաժան մաս կազմող Արցախը տանելով իրենց սրտերում։

Scroll Up