«Արարատ» և «Արևիկ» խմբակները ռոստովահայ երեխաների սիրելի վայրերն են

Սփյուռքում հայ ինքնության պահպանման կարևոր նախապայմաններից է հայկական կրթօջախների առկայությունը, որոնք իրենց գործունեությամբ մատաղ սերնդին զերծ են պահում ուծացման վտանգից և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը:

Այդպիսի կենտրոններից է ՌԴ Դոնի Ռոստովի մարզի Ակսայ քաղաքի երիտասարդների և երեխաների ստեղծագործական լրացուցիչ դաստիարակության «Արարատ» և Դոնի Ռոստովի «Արևիկ» խմբակները, որոնց գեղարվեստական ղեկավար Լուսինե Պետանյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցի ընթացքում ներկայացնում է խմբակի ստեղծման պատմության և ազգապահպանության գործի կազմակերպման մանրամասները:

Մտահոգ էի նաև երեխաներիս ապագայի համար…

-Այս խմբակները ստեղծվել են տաս տարի առաջ: Երբ տեսնում էի, որ ռոստովահայ երեխաները հայերեն լավ չէին կարողանում խոսել, մեծ ցավ էի ապրում: Որոշեցի նրանց հայեցի կրթություն, դաստիարակություն տալու և Հայաստանի շուրջ համախմբելու նպատակով այս խմբակները բացել: Մտահոգ էի նաև երեխաներիս ապագայի համար: Դիմելով քաղաքային իշխանություններին՝ խնդրանքս անպատասխան չմնաց: Մենք առաջինն ենք Դոնի Ռոստովի ազգային փոքրամասնությունների մեջ, որ Ակսայում երեխաների լրացուցիչ կրթության կենտրոնում ունենք մեր ազգային խմբակը:

Ճիշտ է, որոշ ժամանակ առաջ խմբակը փակվելու լուրջ խնդրի առջև էր կանգնել, սակայն չվհատվեցինք, միախմբված հաղթահարեցինք մեր առջև ծառացած խնդիրները և շարունակեցինք բնականոն աշխատանքը: «Արևիկ» խմբակը Դոնի Ռոստովում է գործում:

Չնայած մեր հայ ուսուցիչների աշխատավարձը ցածր է, սակայն նրանք անձնվիրաբար աշխատում են՝ գիտակցելով իրենց գործի կարևորությունը:

Խմբակներում դասավանդվում եմ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն: Այս պահին Դոնի Ռոստովի «Արևիկ» խմբակում քառասունհինգ աշակերտ ունենք, հուսով ենք՝ նոր ուսումնական տարում աշակերտների թիվը կավելանան:

Ի դեպ, 2017-2018 թթ. ուստարվա համար առաջին անգամ չորս տարեկան երեխաների  խումբ եմ ձևավորել: Առհասարակ, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում ենք՝ աշակերտներ  հավաքագրելու համար:

Ռուսների համար հայերենը հաճելի լեզու է…

– Ցավոք, Դոնի Ռոստովում ծնված հայերն աչքի չեն ընկնում հայերենի լավ իմացությամբ: Այս տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ժամանակ սովորած նոր ուսուցման մեթոդներն անպայման կիրառելու եմ՝ նրանց հայերեն սովորեցնելու համար:

Մեզ մոտ նաև ռուսներն են հայերեն սովորում: Նրանք հաճույքով են գալիս դասերին, նույնիսկ ասում են՝ հայերենն իրենց համար դյուրընկալելի և հաճելի լեզու է: Հասել ենք այն արդյունքին, որ մի ռուս աշակերտ, մասնակցելով շարադրությունների մրցույթին, հաղթող է ճանաչվել:

Մեծ շուքով նշում ենք ազգային, եկեղեցական, պետական տոները…

-Կարծում եմ՝ ծնողները պետք է նպաստեն, որ երեխաները հայերեն սովորեն, խմբակ սիրով գան և օտարության մեջ պահպանեն ինքնությունը: Մենք նույնպես ազգային ոգին բարձր պահելու համար նրանց հետ հաճախակի բարոյախրատական զրույցներ ենք անցկացնում:

Մեծ շուքով նշում ենք ազգային, եկեղեցական, պետական տոները, որոնց աշակերտները մեծ խանդավառությամբ են պատրաստվում:

Ռուսական համայնքի հետ ազգամիջյան բարեկամական հարաբերություններ ունենք. գրեթե ոչ մի միջոցառում առանց նրանց ներկայության չի անցնում: Երկկողմ հրավերները պարտադիր բնույթ են կրում:

Համայնքում հյուրընկալեցինք Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին…

– Սույն թվականի հունիսի 3-ին Դոնի Ռոստով քաղաքի հայությունն այս էլ երրորդ տարին` համախմբվում է մեկ գաղափարի շուրջ: Այն է՝ «Արցախը ես եմ» բարեգործական համերգի շրջանակներում լինել հայ զինվորի կողքին, ինչ-որ չափով սատար կանգնել նրա հոգսերին։ Առաջին անգամ օգնությունը հասավ Վարդենիսի շրջանի Զոլաքար գյուղ՝ զոհված ազատամարտիկներ Գառնիկ Մելքոնյանի և Դավիթ Հովսեփյանի ընտանիքներին։ Երկրորդ անգամ կապ հաստատեցինք «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկուհի Մինասյանի հետ, որի բարեխիղճ օգնությամբ և անմիջական մասնակցությամբ կարողացանք մի քանի զինվորների խնդիրներ և հոգսեր ևս թեթևացնել։ Այս տարի արժանանալով տեղի հայ համայնքի, պաշտոնյա այրերի և գործարարների բարձր վստահությանը՝ հայկական համայնքի ղեկավարության բարձր աջակցության ներքո որոշեցինք դուրս գալ համացանցային շփումներից և այստեղ հրավիրել զինվորներին, որպեսզի արտերկրում ևս տեսնեն և ճանաչեն նրանց իրական, այլ ոչ թե վիրտուալ։

Համայնքին հյուրընկալվել էին Քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված Հայկ Սեխլիյանը, Հայկ Թորոսյանը, Դանիել Դավթյանը: Նրանց օգնելու նպատակով խմբին էին միացել «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մանուել Մանուկյանը և Սամվել Մանուկյանը։ Հպարտությամբ պետք է նշել, որ կազմակերպված համերգին մասնակցելու մեր առաջարկին միանգամից սիրով արձագանքեց նաև սիրված ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն)։ Կես ժամ շարունակ սիրված երգիչը հանդիսատեսին ոգևորեց իր հայրենասիրական երգերով և հայաշունչ ոգով։ Համերգի ընթացքում կատարված հանգանակությունների և տոմսերի վաճառքից գոյացած 181 000 ռուբլին ծախսվել է բազմաթիվ կազմակերպչական հարցեր լուծելու համար։ Բացի այս ամենից տղաները մեկ շաբաթ գտնվեցին «Նադեժդա» առողջարանում, նրանց համար կազմակերպվեցին տարբեր բնույթի էքսկուրսիաներ դեպի թանգարաններ, հայկական գյուղեր, տեսարժան վայրեր։ Տղաները վայելեցին նաև Դոն գետի գեղեցկությունը՝ կատարելով կեսօրյա նավարկություն։ Երեկոները հագեցած էին բազմաբնույթ հանդիպումներով՝ երիտասարդների, տեղի պատկան այրերի հետ։ Դե, իհարկե, օրը լրացնում էին տեղի գործարարները՝ կազմակերպելով տղաների ընթրիքը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այս կառույցներին, որոնք գտնվեցին մեր կողքին. ավիատոմսերի ամրագրման ծառայություն «Լայներ», «Ջավախք», «Մոցարտ», «Դոն շաշլիկա», «Քյաբաբ-գրիլ հաուզ», «Լավաշ հաուզ» ընկերություններ։ Կան նաև անհատ բարերարներ, որոնք չցանկացան, որ անուններ հրապարակենք։ Իրապես, եթե չլիներ այս բոլոր բարերարությունները, ապա այն գումարը, որը հավաքվեց համերգի շրջանակներում, չէր բավականացնի այս հսկայածավալ ծրագիրն իրականացնելու համար։

Մայիսի 29-ից մինչև հունիսի 5-ը տղաները Ռոնի Ռոստովում արժանացան բարձր հյուրընկալության, վայելեցին տեղի հայության սերն ու հարգանքը։ Տղաները վերադարձան հայրենիք՝ բարձր տրամադրությամբ, հագեցած բազում անմոռանալի տպավորություններով, ինչպես նաև դրամական պարգևներով։

Հպարտորեն պետք է նշեմ, որ այս ծրագրին իրենց բարձր աջակցությամբ միացան նաև Դոնի Ռոստովի հայկական համայնքի ղեկավար Հարություն Արմենակի Սուրմալյանը և գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը։

Գևորգ  Չիչյան

Scroll Up