Մեկնարկեց «Հաղարծնի շաբաթը» ավանդական դարձած փառատոնը

«Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝ բացառիկ, ով Տավուշը չի տեսել, Հայաստանը չի տեսել»: «Հաղարծնի շաբաթվա» բացմանն այսպես են վանկարկում երիտասարդ կամավորները, ովքեր յոթ օր շարունակ ժպիտով ու բարեհամբույր վերաբերմունքով «ստիպելու են» էլի ու էլի վերադառնալ Տավուշ: Օգոստոսի 6-ին Հաղարծին վանական համալիրի տարածքում աղոթքով մեկնարկեց արդեն ավանդական դարձած փառատոնը: Բացման ելույթներից հետո «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան) հոգևոր երգերի իր կատարումներով թեթևություն ու մաքրություն սփռեց շուրջբոլորը:

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, անուն առ անուն ողջունելով բոլոր ներկաներին, նկատեց, որ երիտասարդ կամավորներն ու ճեմարանականները մեկ շաբաթ շարունակ արդեն երրորդ տարին Հաղարծնի վանքը վերածում են հոգևոր ջրտուքի, մի այնպիսի միջավայրի, որտեղ իրենք նորից ու նորից են ծնվում։  «Գիտեմ, թե դուք որքան ջերմությամբ եք սպասում այս միջոցառմանը, որքան անհամբերությամբ եք սպասում այդ նոր շրջանին: Ես չափազանց հպարտ ու ուրախ եմ ձեզանով, որ այսքան համառություն, կամք ու սեր ունեք ու այսքան մեծ հանձնառությամբ ուզում եք տեր կանգնել մեր ժառանգությանը ու ներկայացնել բոլոր նրանց, ովքեր կայցելեն Հաղարծնի չքնաղ վանական համալիր»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բագրատ Սրբազանը, ով բազմիցս նշել է՝ նախաձեռնությունը Տավուշի թեմի երիտասարդներինն է:

Սրբազանի խոսքով՝ «Հաղարծնի շաբաթը» կարելի է դիտարկել և զբոսաշրջության զարգացման, և Տավուշի հանրահռչակման տեսանկյունից, բայց իր համար ամենակարևորը երիտասարդների միասնությունն ու անցած ճանապարհն է: «Տարբեր ձևերով ու տեսանկյուններից են գնահատում այս միջոցառումը, ես ասել եմ, որ դա շատ ճիշտ ու լավ է, բայց ինձ համար ամենակարևորը դուք եք: Իմ մաղթանքն այն է, որ ամեն անգամ այս շաբաթն անցկացնելուց հետո էլ ավելի սերտանաք, էլ ավելի սիրո մեջ լինեք, էլ ավելի իրար գգվեք ու վեր պահեք մեր Տավուշ աշխարհը, որի միջոցով՝ նաև Հայաստանը: Դառնաք հույս տվողներ, հույս կրողներ, սեր տվողներ, սեր կրողներ»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Միջոցառմանը ներկա Բուենոս Այրեսում հոգևոր ծառայություն անցնող Մաղաքիա վարդապետ Ամիրյանը վերահաստատեց հաճախ հնչող այն խոսքը, որ Հայաստանը սկսվում է սահմանից ու հատկապես Տավուշից, որտեղ հայ զինվորները հսկում են ՀՀ ամենաերկար սահմանը: «Այո, Հայաստանը սկսվում է սահմանից, Հայաստանը սկսվում է Տավուշի սահմաններից, որտեղ գյուղերում, քաղաքներում տքնող ու արարող մեր սիրելի քույրերն ու եղբայրները, թշնամուց մի քանի կիլոմետր հեռու գտնվելով, օրնիբուն աշխատում են, և դա արդեն բացառիկ է»,-ասաց նա: Հայր Մաղաքիան հիշեց 2004 թվականին իր առաջին այցելությունը Տավուշ՝ Չինարի գյուղ, իր ճեմարանական ընկեր Օգսեն Միրզոյանի (ներկայում՝ Տեր Արամ քահանա Միրզոյան) ծննդավայր, հիշեց, թե ինչպես տպավորվեց տավուշցիների բարությամբ ու այդ օրվանից սիրեց ու կապվեց Տավուշի հետ:

Այս տարի Հաղարծնի շաբաթին մասնակցելու են շուրջ 60 կամավորներ ողջ Տավուշից։ Մեկ շաբաթով կենդանի քաղաք դարձած Հաղարծնի վանքում այցելուներին կդիմավորեն կանաչ շապիկներով կամավորները, կներկայացնեն շաբաթվա ընթացքն ու կծանոթացնեն վանքի պատմությանը։

 Աչաջուրցի կամավոր Էրինե Ղարայանը խոստանում է լայն ժպիտով դիմավորել Հաղարծին ժամանող հյուրերին, ուխտավորներին: Ասում է՝ իր բարեհամբույր վերաբերմունքով ու ջերմ ընդունելությամբ պիտի նպաստի, որ այցելուները տպավորված գնան այդտեղից ու միշտ կամենան վերադառնալ: «Հաղարծնի շաբաթը միշտ հետաքրքրել է ինձ, նախորդ տարի ևս ցանկանում էի դիմել, բայց արդեն ուշ էր, հայտերի ընդունումն արդեն ավարտվել էր: Այս տարի որոշեցի դիմել, ընկերուհիս՝ Սյուզաննա Ղուկասյանը, խթանեց այդ որոշման կայացումը: Ես մեծ սպասելիքներով եմ եկել այս միջոցառմանը, մտածում եմ՝ մի վայրում, ուր հավաքված են այսքան երիտասարդներ, ժամանակը շատ լավ պետք է անցնի ու հագեցած առօրյա ունենանք»,-նշեց նա:

«Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպությունում որպես հաշվապահ աշխատող Էրինեն կարծում է, որ մարզերում բնակվող երիտասարդները ցանկության դեպքում կարող են գտնել զբաղմունքի, ժամանցի ու ինքնաիրացման հնարավորություններ: Նա բերում է իր օրինակը, որ ուսանելու տարիներից սկսած հասարակական ակտիվ կյանքով է ապրել ու ապրում: «Շատ հասարակական կազմակերպություններում եմ ներգրավված, տարբեր ծրագրերի եմ մասնակցել, ղեկավարել եմ դրանցից որոշները: Ինքս եմ նախաձեռնել այնպիսի ծրագրեր, որ երիտասարդներին ներգրավեմ: Իմ համայնքում առաջնորդության 20-օրյա դասընթաց եմ անցկացրել, ծրագիր ենք շահել ու երեխաների համար խաղահրապարակ ենք ստեղծել: Այն եմ ուզում ասել, որ եթե մարդ ցանկանում է, իր համար զբաղմունք հաստատ գտնում է: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է ձգտի իր օրը հետաքրքիր դարձնել»,-հավելեց Էրինե Ղարայանը:

Օգոստոսի 6-12-ը «Հաղարծնի շաբաթվա» ընթացքում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, ավանդական գաթայի, սալիի և այլ քաղցրավենիքների պատրաստման ցուցադրություն, ազգային պարերի ուսուցում: Հրավիրյալ երգչախմբերը հանդես կգան հոգևոր երաժշտության համերգներով։ Ամբողջ շաբաթը կուղեկցվի եկեղեցական արարողություններով, երգեցողությամբ ու աղոթքով, պարբերաբար կանցկացվեն հոգևոր զրույցներ։ Կիրակի կկայանա Սուրբ Պատարագ ու Խաղողօրհնեքի արարողություն: Առանձին օրեր նվիրված կլինեն մանուկներին և Հայոց բանակին։ Օրակարգին կարելի է ծանոթանալ Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

Scroll Up