Արցախի համալսարանի արևմտահայերենի, հայագիտության կենտրոնի բարերարները հանդիպել են բուհի կազմի հետ

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել հանդիպում բուհի արևմտահայերենի, հայագիտության, գիտահետազոտական կենտրոնի բարերարներ Լուտովիկա և Յակոբ Այնթապլեանների հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանի գլխավորությամբ հանդիպման  մասնակիցները ծաղիկներ  են   խոնարհել   Գրիգոր  Նարեկացու պատվանդանին:

Բացման խոսքով միջոցառմանը հանդես է եկել Վ. Հակոբյանը: Նա շնորհակալություն  է  հայտնել   Լուտովիկա և Յակոբ Այնթապլեաններին՝  նշելով, որ նրանց շնորհիվ է Արցախում  բացվել արևմտահայերենի, հայագիտության, գիտահետազոտական  առաջին կենտրոնը: Վ. Հակոբյանի  նշել  է, որ    կենտրոնի  արդյունքներն  արդեն  տեսանելի  են: «Ներկայումս կենտրոն  է հաճախում 30  ուսանող. նրանք  մասնակցում  են անվճար  տարբեր դասընթացների: Կենտրոնում դասախոսություններով  հանդես են գալիս Արցախի, Հայաստանի  և  արտերկրի    նշանավոր  մասնագետներ: Կառույցը ծառայում է նաև որպես հայագիտության կենտրոն և այստեղ  ուսումնասիրություններ են   կատարվում ուսանողների և  դասախոսությունների   կողմից»,-մասնավորապես ասել է Վ. Հակոբյանը և  ավելացրել, որ   իրենք    հպարտ  են, որ  օրեցօր  Արցախում   ավելի  մեծ  ուշադրություն  է   դարձվում  արևմտահայերենի  ուսուցմանը:
ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  փոխնախարար   Արմեն   Սարգսյանը   խոսելով  Արցախում  արևմտահայերենի  ուսուցման   դրվածքի  մասին՝  նշել  է, որ  տասնամյակներ շարունակ  արցախցիների  մոտ  կարոտ   կար   դեպի   արևմտահայերենը: Կենտրոնի  առաքելությունն   է՝ ուժեղացնել  արևմտահայերենի ուսուցումը:

Բանաստեղծ, սրտաբան, բառառանագիր, ԱՄՆ-ից ժամանած բարերար  Յակոբ Այնթապլեանն  ասել  է, որ, բացելով    կենտրոնը,  իրենք նպատակ  են  ունեցել  մեծ  ուշադրություն դարձնել հայերենի դասական ուղղագրությանը, քանի  որ  այդ  խնդիրն առկա է և այն  առաջնահերթ լուծում  է  պահանջում:

«Հայաստանում պիտի գործի դասական ուղղագրությունը: Ներկայիս  հայոց լեզուն անտանելի վիճակում է. գրության մեծ  մասն  օգտագործվում  է լատինատառ: Պետք  է մեսրոպյան այբուբենով   գրենք: Մեր  ամենօրյա բառապաշարը  պետք  է  լինի  մաքուր  հայերենով: Հայաստանն ու  Արցախը զորանան  պիտի  ոչ միայն  տնտեսապես, այլ մաքուր հայերենով: Ես  հրատարակել եմ  բառարան, որտեղ  ներառված  են  միմիայն մաքուր   հայերեն  բառեր»,-մասնավորապես  ասել  է  բարերարը:

Արևմտահայերենի, հայագիտության, գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնի տնօրեն, Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս  Ամալյա  Գրիգորյանն   էլ   իր   ելույթում անդրադարձել  է  կառույցի կողմից  տարվող   աշխատանքներին  և   անելիքներին: Նա  նշել   է, որ  Յ. Այնթապլեանն այն եզակի նվիրյալ հայորդիներից է, ով խորապես մտահոգված է հայրենիքի, ազգի   և  հայոց լեզվի ճակատագրով: Նա հայերենապահ  մեծ առաքելություն է ստանձնել ոչ միայն Սփյուռքում, մայր Հայաստանում, այլև Արցախում: Այս կենտրոնն  էլ հենց դրա վառ վկայությունն է:

Ա.  Գրիգորյանը  տեղեկացրել է նաև, որ  ընթացիկ  տարվա  մարտի 5-ից կենտրոնը սկսել է իր գործունեությունը: Մեկնարկել են եռամսյա անվճար դասընթացներ: Դասընթացները տարվում են հինգ առարկաններից՝ գրաբար, արևմտահայերեն, արևմտահայ գրականություն, հայկական հարցի պատմություն, սփյուռքահայ գրականություն: Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են տարբեր ձևաչափերի միջոցառումներ, քննարկումներ, գիտության, արվեստի, մշակույթի երևելի ներկայացուցիչների հետ հանդիպումներ: Ի դեպ, կենտրոնում գործում է նաև ասմունքի խմբակ, որին ակտիվորեն մասնակցում են մեր  ուսանողները:

Միջոցառմանը  ներկա  էին  ԱՄՆ-ից ժամանած  Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Կարպիս Եղիյեանը, համալսարանի  դասախոսներ,  ուսանողներ  և  այլք:

Scroll Up