Սերժ Թանկյանը Հայ դատ-ի «People’s Champion» մրցանակի դափնեկիր

Հայ դատ-ի Արևմտյան Ամերիկայի հանձնախումբը (ANCA) հայտարարել է, որ ամերիկահայ երաժիշտ, քաղաքական ակտիվիստ, System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը հոկտեմբերի 7-ի կարժանանա կառույցի «People’s Champion (Մարդկանց չեմպիոն)» մրցանակին:

«Որպես հաջողակ երաժիշտ՝ Սերժ Թանկյանն օրինակելի դեր է կատարում՝ օգտագործելով իր ուժեղ և ազդեցիկ ձայնը Հայկական հարցը համաշխարհային մակարդակում ուշադրության արժանացնելու համար՝ իր խոսքը հասցնելով իր միլիոնավոր երկրպագուներին: Հաշվի առնելով այս հարցով տարիների նրա ջանքերը, ինչպես նաև Հայաստանում Թավշյա հեղափոխության ընթացքում մարդկանց քաջալերելու նրա գործունեությունը՝ մենք հավատում ենք, որ Սերժ Թանկյանն իսկապես արժանի է դառնալու ANCA-ի «People’s Champion»,- ասել է  Ամերիկայի Հայ դատի  Արևմտյան վարչության նախագահ Նորա Հովսեփյանը:
Այս մասին տեղեկանալով՝ Սերժ Թանկյանը հայտնել է իր երախտագիտությունը՝ նշելով. «Ինձ համար մեծ պատիվ է դառնալու ANCA-ի «People’s Champion» մրցանակի դափնեկիր: Ես այս կառույցի հետ տարիներ շարունակ աշխատել եմ՝ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման, և նրանց աշխատանքը համարում եմ ադյունավետ ու հաջողված: Մենք երկար ճանապարհ ենք անցել, ու ես լիովին հպարտ եմ մեր ձեռքբերումներով»:

Հավելենք, որ հոկտեմբերի 7-ին Հայ դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբի ձեռնարկը կայանալու է Բևերլի Հիլզ քաղաքի  «Բևերլի Հիլթոն» հյուրանոցում: Այն առիթ է քննելու Հայ դատի վերջին մեկ տարվա գործունեությունն ու պատվելու Հայ դատի աշխատանքներին իրենց նպաստը բերած գործիչներին, մտավորականներին, արվեստագետներին ու քաղաքական գործիչներին:

 

Scroll Up