Ամառային հանգիստը «Թումո»-ի հետ

«Թումո» ճամբարն ամեն ամառ Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հավաքում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հարյուրավոր պատանիների, ովքեր օգտվում են վերջին տեխնոլոգիաների ոլորտում սովորելու ու յուրահատուկ բազմամշակույթ միջավայրի մասնիկը դառնալու հնարավորությունից։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիլիթ Պողոսյանը, ճամբարի 1-6 շաբաթների ընթացքում ճամբարականները մասնակցում են  «Թումո»-ի կրթական ծրագրերին ու ճամփորդում են Հայաստանում։

Այս տարի Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանի շրջանավարտ դասարանի 3 աշակերտներից Էլլա Ադամյանը, Տիգրան Ավագյանն ու Տիգրան Սաֆարյանը քննաշրջանից հետո մասնակցեցին «Թումո» ամառային ճամբարին։ Ամառային աննախադեպ հանգստի, ստացած գիտելիքների, Հայաստանի պատմամշակութային վայրերով շրջագայությունների, նորանոր ծանոթությունների ու հիանալի տպավորությունների մասին մեր պատանիներն արդեն հասցրել են պատմել իրենց ընկերներին ու Հայաստանից իրենց երախտագիտությունն են հայտնում «Հրանտ Դինք» վարժարանի հոգաբարձուներին՝ տեր և տիկին Դալար և Արտո Հորոզօղլուներին, ինչպես հովանավորության, այնպես էլ իրենց «Թումո»-ի ընտանիքի անդամը դարձնելու համար։

Scroll Up