Դիպված, որը Բեռլինի հայկական նորաբաց դպրոցի հիմքը դրեց

Մարտ ամսից Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործում է «Գիտելիք» հայկական դպրոցը, որի հիմնադիրներն են Լիլիթ Հակոբյանը և Մասիս Առաքելյանը:

«Ինքս 3 դպրոցահասակ երեխաների մայր եմ և արդեն 17 տարի է՝ ապրում եմ Բեռլինում: Տարբեր առիթներով եղել եմ քաղաքում գործող երեք հայկական կրթօջախներում: Նկատել էի, որ Բեռլինում ապրող մոտ 500 հայ երեխաների 10 տոկոսն անգամ ներգրավված չեն հայկական կրթօջախներում: Հասկացա, որ պահանջ կա նորովի մոտեցման, որպեսզի Գերմանիայում ապրող հայ ծնողներն իրենց երեխաներին ուղարկեն հայկական դպրոց:

Մի օր ներկա էի հայ նկարիչ Ավո Առաքելյանի ցուցահանդեսին: Վերջում երեկո էր կազմակերպվել, որին ներկա էին բազմաթիվ գերմանացիներ: Քննարկվող թեմաներից մեկը Հայոց ցեղասպանությունն էր: Այդ պահին մի միտք անցավ գլխումս՝ եթե մենք ձեռքից բաց թողնենք ներկա սերունդը, մի քանի տարի հետո Ցեղասպանության մասին խոսելն արդեն ավելորդ կլինի և մեր պայքարը կդառնա անիմաստ: Եթե այսօրվա սերունդը չի խոսում հայերեն, իր մեջ չի կրում հայկական մշակույթը, մեր բոլոր պայքարները դառնում են երկրորդական»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում պատմում է Լիլիթ Հակոբյանը:

Հենց սա էլ պատճառ  է դառնում, որ 2017 թվականի նոյեմբերին Լիլիթը ձեռնամուխ լինի դպրոցի հիմնադրման աշխատանքներին: 2018 թվականի փետրվարին նրան է միանում գերմանաբնակ հայ երգահան, տենոր Մասիս Առաքելյանը և հիմնադրման աշխատանքները շարունակում են միասին:

Մասիս Առաքելյան և Լիլիթ Հակոբյան

«Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, ուսում եմ ստացել Հայաստանում և Գերմանիայում: 16 տարի աշխատել եմ մասնագիտությամբ, բայց գիտակցաբար թողել եմ աշխատանքս և լծվել դպրոցի ստեղծման աշխատանքներին: Շատ լուրջ ենք տրամադրված, որպեսզի ստեղծենք շատ լավ կրթական և մշակութային օջախ»,- պատմում է Լիլիթը:

«Գիտելիք» դպրոցի բացումը կատարվել է մարտի 4-ին: Արձագանքը սպասվածից ավելին է եղել. երկու ամսում դպրոց են սկսել հաճախել 27 երեխա: Սեպտեմբերին արդեն, երբ կսկսվի դպրոցի նոր ուսումնական տարին, արձանագրվողներն ավելի շատ են: Դասերն անցկացվում են Բեռլինի կենտրոնում, երիտասարդական ակումբում: «Կապի մեջ ենք պետական ատյանների հետ: Քանի որ հայկական մշակույթը և դպրոցները քիչ են ներկայացված Բեռլինում, սեպտեմբերին մեզ խոստացել են դասարաններ տրամադրել քաղաքի կենտրոնական թաղամասի գերմանական դպրոցում: Այն կունենա ավելի մեծ հնարավորություն, քանի որ մեզ հարկավոր է նաև պարի դահլիճ: Նպատակ ունենք պարախումբ ստեղծել», -ասում է Լիլիթը:

Դպրոցում դասավանդվում է հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա: Հայերենը 5 խմբերով է ուսուցանվում, որը, ինչպես Լիլիթն է նշում, նորություն է քաղաքում: Դպրոցն ունի նախադպրոցական, 3 խումբ՝ նախատեսված դպրոցահասակ հայ երեխաների համար, իսկ 5-րդ խումբը ստեղծվել է օտարների և այն հայերի համար, որոնք ընդհանրապես չգիտեն հայերեն: Այս խմբում սովորում են խառնամուսնություններից ծնվածը և օտարներ, որոնք հետաքրքրված են հայկական մշակույթով: «Ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան առաջ կատարված բողոքի ցույցին մասնակցում էին ասորի աղջիկներ, որոնք արդեն սեպտեմբերին մեր դպրոց կհաճախեն: Աղջիկները պատմեցին, որ սիրում են հայկական երաժշտություն, երգում են՝ առանց հասկանալու բառերը: Հիմա էլ ցանկանում են դպրոց գալ, որպեսզի հայերեն սովորեն», -պատմում է Լիլիթը:

Դպրոցում տարիքային սահմանափակում չկա: 4 տարեկանից սկսած բոլոր ցանկացողները կարող են հաճախել դպրոց:

«Շատ լուրջ ենք վերաբերվում մեր գործին, բացի հայերենից, գերմաներենով անցկացնում ենք նաև մաթեմատիկայի դասեր: Գերմանիայում դրա կարիքը մեծ է, կարդացել եմ, որ դպրոցահասակ երեխաների 70 տոկոսը գնում են մաթեմատիկայի լրացուցիչ պարապմունքների: Ուզում ենք այնպիսի բարձր մակարդակի հասնել, որ ասեն՝ գնում ենք հայկական դպրոց՝ մաթեմատիկա սովորելու: Միաժամանակ կօգնենք հայ երեխաներին իրենց ներուժը լիովին բացահայտել, ինչը չեն կարողանում անել գերմանական դպրոցներում», -ասում է Լիլիթը:

Դպրոցի կարևոր ձեռքբերումներից է փոքրիկների «Գարուն» երգչախումբը, որի ղեկավարն ու նախաձեռնողը Մասիս Առաքելյանն է: Նպատակ կա նաև մեծահասակների երգչախումբ ստեղծել:

«Շատ կարևոր է արդեն մանուկ հասակում երեխաներին ծանոթացնել ու հաղորդակից դարձնել հայկական մշակույթին: Երգն ամենալավ, ամենակարճ ճանապարհն է դեպի հայկական մշակույթը: Նրանք նաև երգի միջոցով կսովորեն հայերեն: Երգչախումբը կազմված է 9 հոգուց: Դպրոցի բացմանը ընտրել էինք «Սարդարապատ» երգը, որը փոքրիկները մեծ ոգևորությամբ երգեցին:

Փոքր հասակում ճիշտ հիմքեր դնելը, ճիշտ արժեքներ փոխանցելը շատ կարևոր է: Իսկ 7 նոտայով մի ամբողջ փիլիսոփայութուն կարող ենք փոխանցել, որպեսզի փոքրիկներն իմանան՝ որտեղից են սերում և ուր են գնում, ճանաչեն ու կառչած մնան իրենց արմատներին»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում պատմում է արդեն Մասիս Առաքելյանը:

Դպրոցի դասերը կազմակերպվում են յուրաքանչյուր կիրակի: Պարապմունքները տևում են 4-5 ժամ: Դպրոցն ունի 5 ուսուցիչ, որոնք մեծ ոգևորությամբ են պարապում: Առաջիկայում նպատակ կա դպրոցում պար դասավանդել և պարախումբ ստեղծել: «Վերջինիս պահանջարկը շատ մեծ է: Այս մասին խոսել ենք նաև Սփյուռքի նախարարության համապատասխան աշխատակիցների հետ, նրանք խոստացել են աջակցել մեզ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ կարևորել նախարարության դերը, կատարած աշխատանքը: Մենք գիտենք, որ կա պետական կառուց, որի հետ կարող ենք համագործակցել, որը մեզ կարող է օգտակար լինել հայապահպանություն իրականացնել Սփյուռքում»,- նշում է Լիլիթ Հակոբյանը և հավելում, որ «Գիտելիք» դպրոցի դասերը կվերսկսվեն սեպտեմբերին:

Լուսինե Աբրահամյան


 

Scroll Up