Եպիսկոպոսական Սուրբ պատարագ Ռումինիայի Թուլչա քաղաքի հայոց եկեղեցում

Հուլիսի 22-28-ը Ռումինիայի Թուլչա քաղաքում տեղի ունեցավ Միջէթնիկ ֆիլմերի շաբաթ-փառատոնը` արդեն 13-րդ անգամ: Այս տարի ևս այլ համայնքների ու փոքրամասնությունների կողքին իրենց մասնակցությունը բերեցին նաև Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինահայոց թեմի մամլո դիվանից, փառատոնի շրջանակներում Թուլչա էր այցելել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ուր կանգուն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցին` կառուցված 1882թ: Դեռևս 2013թ-ից առաջնորդի կարգադրությամբ Թուլչայի հայկական եկեղեցում իբրև այցելու քահանա իր ծառայությունն է բերում Կոնստանցայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը: Սրբազանի տեսլականն էր աշխուժացնել տեղի փոքրաթիվ համայնքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի երկարամյա դադարից հետո հայոց եկեղեցում դարձյալ հնչի մեր Սրբազան Պատարագը, հայալեզու աղոթքը` եկեղեցու շուրջը հավաքելով համայնքի ցրված անդամներին: Պատարագներին այցելում են ոչ միայն հայեր Թուլչայից ու Բաբադագից, այլև նաև ռումինացիներ:

Հերթական պատարագը մատուցվում է հուլիսի 29-ին` ձեռամբ Թեմակալ Առաջնորդի և մասնակցությամբ Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Սուրբ Պատարագին ներկա էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը տիկնոջ հետ, Ազգային փոքրամասնությունների ղեկավար, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր տիար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի Հայոց միության Թուլչայի մասնաճյուղի նախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր տիար Սիմիոն Լուչիան Էդուարդը, հայ համայնքի ներկայացուցիչներ և ուխտավորներ Ռումինիայի մի շարք ծուխերից ու քաղաքներից` Բուխարեստ, Պիտեշտ, Բակըու, Թըրկու Օկնա, Բոտոշան և այլն:

Սրբազանն իր օրհնությունն է բերում ներկաներին, շնորհավորում փառատոնի հաջող անցկացման և կազմակերպման համար` աղոթք բարձրացնելով առ Աստված Հայաստանի և Ռումինիայի Հանրապետությունների, հայ և ռումին Եկեղեցիների և երկու բարեկամ ժողովուրդների անսասանության, զորացման ու բարգավաճման համար:

Scroll Up