Կիլիկիո կաթողիկոսությունը Սիսի Կաթողիկոսարանի խնդրով դիմելու է թուրքական դատարան

Անթիլիասի Ս. Աստվածածին վանքում հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի իրավական հանձնախմբի աշխատանքային հանդիպումը: «Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժանմունքին, հայտնում է, որ հիշյալ դատի թղթածրարը գրեթե իր վերջնական ձևն է ստացել և մանր հստակեցումներից ու հավելումներից հետո, առավելագույնը 2018 թվականի հոկտեմբերին՝ ներկայացվելու է թուրքական դատարան:

Հավելենք, որ վերոնշյալ դատի թղթածրարը շուրջ երեք տարի առաջ ներկայացվել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան, որը մերժել էր վերջինիս քննությունը` ընդառաջելով Արդարության նախարարության թելադրանքին: Նույն թղթածրարը մեկ տարի հետո ներկայացվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը ևս մերժել էր ընդունել դատն ու առաջարկել էր դիմել թուրքական դատարան:

Իրավական հանձնախմբի հայեցողությամբ դատի քննությունը մերժող հիշյալ մոտեցումներն ըստ էության առավելաբար քաղաքական բնույթ ունեն: Ամեն դեպքում, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը որոշել է շարունակել իրավական այս գործընթացը մինչև արդարության հաղթանակը և Սիսի Կաթողիկոսարանի վերադարձն իր իրավատիրոջը` հայ ժողովրդին:

Scroll Up