Հայոց ցեղասպանության փրկվածների անձնական իրերը ներկայացվել են Ամերիկայի Հոլոքոստի թանգարանում

ԱՄՆ Իլինոյս նահանգի Հոլոքոստի թանգարանում (The Illinois Holocaust Museum and Education Center) հուլիսի 19-ին բացվել է «Փրկվածների պատմություններ» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են նաև Հայոց ցեղասպանության վերապրածների անձնական իրերը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով թանգարանի կայք-էջին, հայտնում է, որ ցուցահանդեսին ներկայացված են 60-ից ավելի անձնական իրեր, որոնք Ցեղասպանության և Հոլոքոստի փրկվածներն իրենց հետ բերել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Յուրաքանչյուր իր ներկայացված է ճանաչված վավերագիր Ջիմ Լոմմասսոնի լուսանկարով, որը մակագրված է վերապրողի կամ նրա ընտանիքի անդամների ձեռագրով:

Ներկայացված իրերը՝ տիկնիկ, ճամպրուկ, երիտասարդ մոր խոհարարական գիրք, հարսանեկան հրավիրատոմս և այլն, «փրկվել» են վերապարածների հետ միասին աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցած Ցեղասպանություններից, ներառյալ՝ Հայոց ցեղասպանությունը, Բոսնիայի, Կամբոջայի Իրաքի, Ռուանդայի, Հարավային Սուդանի և այլ ցեղասպանությունները:

Ցուցադրությունը, որին աջակցել է նաև ԱՄՆ Իլինոյս նահանգի Հայ դատի հանձնախումբը, տևելու է մինչև 2019 թվականի հունվարի 13-ը:

Լուսանկարները՝ Հոլոքոստի թանգարանի կայք-էջի

Scroll Up