Դանիել Վարուժանի մասին պատմող «Դանիէլ» ֆիլմի ցուցադրությունը Երևանում

Հուլիսի 17-ին, ժամը` 13:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Դանիէլ» ֆիլմի ցուցադրությունը: Հյուրերին ողջունեց և Դանիել Վարուժանի կենսագրությունը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, 1915 թվականին արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ձերբակալության և սպանության պատմությունը նկարագրող «Դանիէլ» կարճամետրաժ կինոնկարը նկարվել է նուար ոճում՝ արևմտահայերեն և անգլերեն լեզուներով: Ֆիլմը համեմված է վարուժանական պոեզիայով:

Միջոցառմանը ներկա էր ֆիլմի ստեղծագործական կազմը՝ բրիտանահայ ռեժիսոր Կարո Բերբերյանի գլխավորությամբ: Ռեժիսորը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հյուրընկալության և ցուցաբերած աջակցության համար:

Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան, այնուհետև ներկաները հնարավորություն ստացան ունկնդրելու Վարուժանի պոեզիան և ծանոթանալ կյանքի մանրամասների հետ:

Դերասաններ Տիգրան Գաբոյանը և Եղիա Ակգունը պատմեցին Վարուժանի կյանքը իր բանաստեղծություններով և նամակներով։

ՀՑԹԻ հատուկ այս միջոցառման համար պատրաստել էր նաև Վարուժանի կյանքը և ստեղծագործությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն:

Ֆիլմում անգլերենով հնչում է նաև բրիտանացի գրող Բեն Հոջսոնի պոեզիան, որը կարդում է «Մատանիների տիրակալը», «Գահերի խաղը» ֆիլմերից հայտնի Շոն Բինը: Կինոժապավենում հնչում են Ֆիլիպ Գլասի, Մայքլ Նայմանի և Տիգրան Համասյանի երաժշտական ստեղծագործությունները:

Ֆիլմն այս տարի մասնակցում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, իսկ տարեսկզբին Բերմուդայի միջազգային կինոփառատոնում հաղթել էր «Հանդիսատեսի մրցանակ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում:

Scroll Up