Ամերիկահայ բարերարների աջակցությամբ Արցախի Քռասնի համայնքում բացվել է համայնքային կենտրոն

Հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Քռասնի համայնքում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի արևմտյան շրջանի բարերարներ Հակոպ և Հիլդա Բաղդասարյանների ու ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ միջոցառման մեկնարկը, բացման արարողությանը ներկա ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնատար այլ անձանց և բարերարների ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Միջոցառմանը ներկա բարերար Հակոբ Բաղդասարյանի որդին՝ Գևրիգ Բաղդասարյանը, կարևորել է նախաձեռնությունը՝ նշելով, որ սա պատմական օր է:

«Այս ուրախության մեջ միակ տխրությունն այն է, որ հայրս իր աչքերով չի կարող տեսնել շենքը: Ուզում եմ մեր ընտանիքի կողմից շնորհակալություն հայտնել և մեր խոնարհումը բերել բոլոր այն ընտանիքներին, որոնք արցախյան պատերազմում ունեցել են զոհեր:

Մեր այցելած արցախյան գրեթե բոլոր գյուղերում կային հուշարձաններ զոհված ազատամարտիկների հիշատակին: Նրանց արածը մենք որևէ ձևով հատուցել չենք կարող, և մեր կողմից արված փոքր ներդրումները համայնքի բնակիչների կյանքը հեշտացնելու միջոց են: Արտասահմանում ապրող բոլոր հայերը պետք է աջակիցը լինեն նմանատիպ ծրագրերի»,- մասնավորապես ասել է Գ. Բաղդասարյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վարդան Փարթամյանն էլ համայնքային կենտրոնի մանրակերտն է նվիրել Բաղդասարյանների ընտանիքին՝ ընդգծելով, որ ամեն շինություն մի ընտանիքի կամ անհատի պատմություն է , և այսօր մենք Հակոբ Բաղդասարյանի օրինակի ականատեսն ենք, ով արմատներով շուշեցի է, սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում:

«Շենքը կդառնա Քռասնի համայնքի բաբախող սիրտը, իսկ Բաղդասարյանների ընտանիքը այստեղ կունենա իր երկրորդ տունը»,- ավելացրել է Վ. Փարթամյանը:

Իսկ Քռասնի համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը նշել է, որ համայնքային կենտրոնի բացումն իրականություն է դարձրել համագյուղացիների վաղեմի երազանքը:

«Մեր առջև իր ողջ շքեղությամբ վեր է խոյացել հոյակապ մի կառույց, որտեղ տեղակայված են գյուղապետարանը, հանդիսությունների սրահը, երիտասարդների ժամանցի սենյակը և բուժկետը: Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Արցախի կառավարությանը, Բաղդասարյանների ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր օգնել ու աջակցել են շենքի ժամանակին կառուցմանը»,- ասել է Կ. Գրիգորյանը և Քռասնի համայնքի պատվավոր քաղաքացիների կոչում շնորհել Բաղդասարյանների ընտանիքի անդամներին:

Այնուհետև օրհնության կարգ է կատարել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը, ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հիմնադրամի ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:
Scroll Up