Կրասնոյարսկի «Արմենիա» պարախմբի սաներն այցելեցին Սփյուռքի նախարարություն

Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կրասնոյարսկի «Արմենիա» պարախմբի սաները, գեղարվեստական ղեկավարներ Գեորգի Մելքոնյանի և Արփինե Ասատրյանի ուղեկցությամբ, հյուրընկալվեցին նախարարությունում:

Ողջունելով երիտասարդ պարուհիներին ու պարողներին՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորեց պարախմբի ազգանվեր գործունեություն և հավելեց. «Դուք մեր հպարտությունն եք: Ես հիացած եմ ու հպարտ հայապահպանությանն ուղղված ձեր ջանքերի համար: Կփորձենք մեր երիտասարդական ծրագրերում ևս ձեզ ներգրավել, ավելի սերտացնել մեր համագործակցությունը, որ կապը հայրենիքի հետ ամուր լինի և ավելի ամրապնդվի»:

«Արմենիա» ազգագրական պարախումբը հուլիսի 13-ին կմասնակցի «Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում» խորագրով համերգին, ինչպես նաև Կատարողական արվեստի 5-րդ միջազգային մրցույթին:

Պարախումբը ստեղծվել է 2000թ-ին Կրասնոյարսկում, համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ:  2009թ-ին պարախմբին շնորհվել է «ժողովրդական պարախումբ» պատվավոր կոչումը:

Scroll Up