«Լավատեսությունը բնավորությանս ամենաուժեղ կողմն է».Նորա Արմանի

Եգիպտահայ, այժմ Ամերիկայում բնակվող ճանաչված դերասանուհի Նորա Արմանի. «Հայերն այսօր»-ը ներկայացնում է մի հայուհու կյանքի պատմություն, ով խոր արմատներով կապված է իր Հայրենիքին, շրջապատում միշտ սեր է տարածում և անկախ ամեն ինչից՝ ժպտում իրեն հանդիպող դժվարություններին:

Տիկի՛ն Նորա, հաճա՞խ եք Հայաստան գալիս:

-Բավականին, սակայն ճիշտն ասած՝ այնքան շատ չեմ գալիս Հայաստան, որքան կցանկանայի: Ինչպես անցյալ տարի, այս անգամ նույնպես ինձ Հայաստան բերեց «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը:

Թավշյա հեղափոխությունից հետո բոլորովին նոր գույների մեջ բացահայտեցի Հայաստանը. մարդկանց ավելի հպարտ, ազնիվ ու ժպտուն աչքերով տեսա: Ես ԱՄՆ-ից  ամբողջ օրն անդադար հետևում էի հեղափոխության ընթացքին՝ հավատով սպասելով հայ ժողովրդի արդար հաղթանակին:

Հայաստանից հեռու կարոտի ի՞նչ զգացումներ եք ունենում առ Հայրենիք:

– Կարոտի այդ զգացումը տարիների ընթացքում փոխվել է: Եթե խորհրդանշական գրաֆիկ կազﬔմ, նախ կարոտն արտահայտվել է առաջին անգամ Հայաստան գալու, տեսարժան վայրերը տեսնելու ցանկությունից ելնելով: Ժամանակի ընթացքում արդեն Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի միջոցով Հայաստանի հետ շփումը սերտացավ: Հետո Հայաստան էի գալիս նկարահանումների նպատակով՝ այդպիսով հաճախակի դարձնելով այցելություններս: Հիմա կարոտս արտահայտվում է Հայաստանում ապրող ազգականներիս հանդեպ: Հեռու գտնվելով՝ մտածում եմ նրանց ապագայի մասին:

Ծնողներից ստացած աﬔնաﬔծ խորհուրդը ո՞րն է եղել Ձեզ համար:

-Շատ կարևոր ու թանկ խորհուրդներ եմ ստացել ծնողներիցս: Լուսահոգի հայրս ասում էր, որ միշտ առաջ նայեմ և չափսոսամ չարած գործերի համար: Մինչև հիմա իմ կյանքում կիրառում եմ հայրիկիս պատգամը:

Ե՞րբ հասկացաք, որ բեմը Ձեր ճակատագիրն է:

-Վաղուց էի հասկացել, որ բեմն իմն է և սեր ունեմ դերասանության հանդեպ: Սակայն Եգիպտոսում բարենպաստ պայմաններ չկային այդ ասպարեզում կատարելագործվելու և կայանալու համար: Սկզբում մեկ տարի սովորել եմ բժշկական համալսարանում, հետո ընդունվել եմ Կահիրեի Աﬔրիկյան համալսարան՝ ուսանելով սոցիոլոգիա և թատրոն։ Այնուհետև սովորել եմ Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոցում (London School of Economics)։ Թատերական կրթությունը ստացել եմ Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում (RADA) և Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)։ Փարիզում և Լոնդոնում հետևել եմ տարբեր թատերական ծրագրերի՝ աշխատակցելով Իրինա Բրուքի և նրա հոր աշակերտ՝ Յոշի Օիդայի, Արիան Մնուշկինի (Theatre du Soleil) հետ։

1974 թվականից համատեղ ելույթներ եմ ունեցել դերասան-բեմադրիչ Ժիրայր Բաբազյանի հետ, ինչպես նաև խաղացել Եգիտոսի գեղարվեստասիրաց միության բեմերում:

Կա՞ արդյոք դեր, որը մինչև հիմա չեք խաղացել և որի մասին մտածում եք:

-Հատուկ չեմ մտածում այն մասին, թե որ դերը կուզեմ խաղալ կամ որ դերն է հոգեհարազատ ինձ: Մտահոգությունս միայն այն է, որ խաղացածս դերը, կերտածս կերպարն ազդեցություն թողնի հանդիսատեսի վրա:

Եթե գեթ մեկ հոգի խաղացածս դերի հետևանքով իր կյանքում դրական տեղաշարժ կունենա, ապա ես աﬔնաերջանիկ դերասաններից մեկնինձ կհամարեմ:

Մի անգամ ներկայացուﬕց հետո մի երիտասարդ աղջիկ ինձ մոտեցավ և ասաց, որ տարիներ առաջ իրենց դպրոցում տեղի ունեցած ներկայացումից հետո այնքան է տպավորվել իմ խաղից, որ դպրոցն ավարտելուց հետո դերասանի մասնագիտությունն է ընտրել: Լսելով նրա հիացական խոսքերը՝ հուզմունքից և ուրախությոնից չկարողացա որևէ բան ասել: Նմանօրինակ պատմությունները շատ են:

Արդյոք կարո՞ղ ենք Նորա Արմանի դերասանուհուն, կնոջն ու հային միաժամանակ ճանաչել հե՛նց իր խաղով: Բեմի վրա ու բեմից անդին ինչքանո՞վ եք մնում նույնը:

-Աﬔն դեպքում՝ այն դերասաններից եմ, որ երբ ներկայացուﬕց հետո վարագույրը փակվում է կամ տեսախցիկն անջատվում է, աﬔն ինչ ավարտվում է, շարունակում եմ ապրել առօրյա իմ կյանքով: Ինչպես ընդունված է ասել՝ կերպարի «տակ» չեմ մնում, բայց բեմում նույնանում եմ կերպարին։

Ո՞րն է Ձեր բնավորության աﬔնաուժեղ կողմը:

-Լավատեսությունը բնավորությանս աﬔնաուժեղ կողմն է: Եթե նույնիսկ ինձ հետ վատ բան է պատահում, ստեղծված իրավիճակում միշտ փորձում եմ լուսավոր կողմը տեսնել:

Այդ լավատեսության հիմքում ընկած է հայրիկիս՝ ինձ տված խորհուրդը:

Ձեր աշխատանքներում, ի թիվս այլ հարցերի, վեր է հանվում նաև կանանց իրավունքների պաշտպանության խնդիրը: Պատմե՛ք այդ մասին:

«SR Socially Relevant» ամենամյա փառատոնի ստեղծման պատճառներից մեկը դարձավ Եգիպտոսում զարմուհուս՝ Վանիա Էքսերջյանի և հորեղբորս՝ Հակոբ Էքսերջյանի վայրագ սպանությունը: Ցանկացա կանանց իրավունքները պաշտպանող քարոզչություն կատարել՝ վերջ տալով նրանց հանդեպ կատարվող բռնություններին:

Հետագայում փառատոնը սոցիալական այլ թեմաներով ընդլայնեցի: Սակայն փառատոնի շրջանակներում զարմուհուս անունով մրցանակ ենք շնորհում կին ռեժիսորի կամ այն ֆիլմին, որտեղ կանանց իրավունքներին առնչվող հարցեր են արծարծվում:

Ինչպե՞ս կբնորոշեք հայ կնոջը:

-Հայ կանայք շատ ուժեղ են: Նկատել եմ, որ Հայաստանում կանայք տարբեր ոլորտներում բարձր դիրք են գրավում, որը, կարծում եմ, ողջունելի է: Հայ մայրերը ընտանիքի հիմնաքարերն են: Նրանք խոնարհման ու մեծ գովասանքի են արժանի, հատկապես բազմազավակ մայրերը, որ ամեն ինչ հասցնում են ժամանակին կատարել՝ աշխատանքից հետո կենցաղային գործերով զբաղվել, երեխաներին խնամել, տան մաքրությամբ զբաղվել և այլն:

Աշխատանքային ծանրաբեռնվածությանը զուգընթաց հասցնո՞ւմ եք խոհանոցում լինել:

-Իհարկե, ժամանակ գտնում եմ խոհանցում լինել և համեղ ճաշատեսակներ պատրաստել: Շատ եմ սիրում հայկական կերակուրներ պատրաստել, հատկապես՝ տոլմա:

Երևանը բնորոշում են որպես կարﬕր տուֆի քաղաք: Ձեզ համար ի՞նչ գույն ունի Երևանը:

-Նախ ասեմ՝ շատ լավ կլինի, որ պահպանվեն Երևանի դիմագիծը կազմող մնացած քանի հին շենքերը, որոնք մեր հարստությունն են համարվում: Իհարկե, հաճելի է տեսնել նաև կառուցված նորաոճ շենքերը, սրճարաններն ու ժամանցի մյուս կենտրոնները:

Երևանյան փողոցներով զբոսնելն իմ զբաղմունքներից մեկն է: Սիրում եմ հատկապես Բաղրամյան, Աբովյան և Վազգեն Սարգսյան փողոցները:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

Scroll Up