Մոսկվայում տեղի ունեցավ «Հայոց միասնականության մեկ դարը» խորագրով տոնական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին

Մոսկվայի Հայ դատ-ի գրասենյակի նախաձեռնությամբ  օրերս Հայ Առաքելական Սբ․ Պայծառակերպություն եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Հայոց միասնականության մեկ դարը» խորագրով տոնական երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Առաջին Հանրապետության 100-ամյակին։

Միջոցառմանը հրավիրված էին մշակութային գործիչներ, Մոսկվայի հայկական հասարակական,  քաղաքական  կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիսավոր երեկոյի ծրագրում ընդգրկված էր փաստավավերագրկան ֆիլմ  ցուցադրություն և համերգային մաս։ Երեկոն զեկույցով բացեց Մոսկվայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Ներսես Ներսիսյանը, ապա Հայր Հարություն աբեղա Կիրակոսյանը փոխանցեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի  Հայոց թեմի առաջնորդ Սրբազան Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնության խոսքը։

Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացվում էր հայ ժողովրդի պատմության ամենահերոսական էջերը, երբ թվաքանակով հազարապատիկ գերազանցող թշնամու դեմ հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ և միասնական կարողացավ Սարդարապտի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հերոսական հաղթանակներ տանել՝ կերտելով վեցդարյա կորցված պետականությունը, պետականություն, որի շարունակությունը դարձավ ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը։ Այնուհետև իր ոգեղեն պարով հանդես եկավ «Հայասա» ազգագրական պարային համույթը,  հնչեցին ազգագրական-հեղափոխական երգեր։

Ավելի վաղ depiararat.com կայքը հայտնել էր՝ Մոսկվայի Հայ դատի գրասենյակի կողմից  Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Առաջին Հանրապետության 100 -ամյակի տոնական միջոցառումների մեկնարկի մասին։

Աղբյուր՝ www.depiararat.com

Scroll Up