ՀՀ վարչապետն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի

Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 14-ին այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի և հոգևոր դասի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Ս․Պայծառակերպություն Մայր տաճար, մոմ վառեցին, աղոթեցին աշխարհի խաղաղության ու Մայր հայրենիքի բարօրության համար։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի մամլո դիվանից, հյուրերը եղան նաև եկեղեցու հովանու ներքո գործող «Տապան» թանգարանում։ Թեմակալ առաջնորդը ներկայացրեց հայ նշանավոր նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Մինասի և այլոց կտավները, եկեղեցական սրբազան մասունքները, խաչերը, մագաղաթյա Սուրբ գրքերը, որոնք խնամքով պահվում են թանգարանում՝ որպես համաշխարհային նշանակության մշակութային և հոգևոր գանձեր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրությամբ դիտեց և փորձարկեց համակարգիչների միջոցով ցուցադրվող հայագիտական գրականությունը։ Հյուրերն այցելեցին նաև համալիրի տարածքում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան։ Եզրաս Սրբազանը ներկայացնելով շուրջ 200 աշակերտների համար նախատեսված և արդեն կահավորված կրթական կենտրոնի ստեղծման նպատակները՝ նշեց, որ 2018 թվականի սեպտեմբերին սկսվելու է կրթական գործընթացը՝ որպես շարունակություն երբեմնի մեծ հեղինակություն վայելող Լազարյան ճեմարանի ազգային ոգու կերտման լավագույն ավանդույթների։

Վարչապետն իր գոհունակությունը հայտնեց Եզրաս Սրբազանին Մոսկվայում կրթական կենտրոն ստեղծելու նախաձեռնության համար և վարժարանի տնօրինությանն առաջարկեց համագործակցել ՀՀ կրթօջախների հետ, կիսվել փորձով ու գիտելիքներով։

 

Scroll Up