Լոս Անջելեսում կայացել է հայկական գինու առաջին փառատոնը

Հայկական գինու փառատոնը Գլենդելում բացառիկ առիթ էր ներկայացնելու հայկական գինեգործության 6000-ամյա պատմությունն ու ժամանակակից արտադրությունը ԱՄՆ-ում:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ասպարեզ» օրաթերթին, հայտնում է, որ հունիսի 10-ին կայացած ձեռնարկը համախմբել էր Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների հայ գինեգործների, որոնց հաջողության գրավական կարելի է համարել նաև այս ոլորտում ազգային ավանդույթները: «Քոշ», «Քուռ», «Կատարո», «Կարաս», «Ոսկենի», «Ոսկեվազ», «Վան Արդի», «Արմաս», «Չագլասիան», «Թութունջյան», «Լուսո Դելա Տերա» ապրանքանիշները, որոնք ներկայացված էին փառատոնին, համաշխարհային շուկայում հասցրել են մեծ հեղինակություն ձեռք բերել: Այս մասին վկայեցին նաև Գլենդելի «Չևի Չեյզ Քաունթրի Քլաբ» հաստատությունում անցկացվող մեկօրյա ձեռնարկին ներկա ոլորտի ամերիկյան ներկայացուցիչներ, ացելուներ:

Փառատոնի մտահղացող ու կազմակերպիչ Ստեփան Փարթամյանի կարծիքով` նման միջոցառումը լավագույն ձևն է՝ ներկայացնելու հայկական ժամանակակից գինեգործությունն ու Հայաստանում առկա գործարար հնարավորությունները:

Հայաստանից, Կալիֆորնիայի տարբեր շրջաններից, Արգենտինայից, Չիլիից հայազգի գինեգործներ, ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներ փառատոնի շրջանակներում առանձին տաղավարներով ցուցադրում էին գինիների, նաև` կոնյակի, օղու, սննդի տեսականիներ:

Փառատոնի կազմակերպչական աշխատանքների մասնակից, սոմելիե Անուշ Ղարիբյանը, որը գինու և գինեգործության մասին հանդես եկավ նաև դասախոսությամբ, տեղեկացրեց, որ փառատոնին մասնակցելու հրավեր է ուղարկվել Հայաստանի բոլոր գինեգործներին, սակայն տարբեր պատճառներով շատերը առիթ չեն ունեցել մասնակցելու: Նա նշեց, որ հաջորդ տարի փառատոնն առավել ընդգրկուն կլինի մասնակիցների առումով, իսկ մինչ այդ հորդորեց ամերիկահայերին աշխուժորեն ներգրավվելու հայկական գինիների տարածման գործում` դառնալով  գինու յուրատեսակ դեսպան օտարների շրջանում:

Փառատոնի շրջանակներում կայացած դասընթացների բանախոսներից էր նաև Հյուսիսային Ամերիկայի Սոմելիեների միության գլխավոր քարտուղար Իրինա Պոնոմարյենկոն:

Միջոցառումն ավարտվեց հանդիսավոր խնջույքով: Հատկանշական էր, որ կերակրատեսակները մատուցվում էին համապատասխան գինիների հյուրասիրությամբ, իսկ Ստեփան Փարթամյանը ներկայացնում էր տվյալ գինու պատմությունը:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի նորանշանակ խոհրդական, գինեգործ Վահե Քեոշքերյանն էլ պատմեց հայկական գինեգործության ավանդույթների ու ներկայի մասին:

Փառատոնի երաժշտականությունը ապահովեց «Ռոմա Քանյան Տրիո»-ն:

Scroll Up