ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Բուենոս Այրեսում Արցախին նվիրված դասախոսությամբ է հանդես եկել

Հունիսի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը Բուենոս Այրես կատարած այցելության շրջանակում ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղում Արցախի անցյալին, ներկային և ապագային նվիրված դասախոսություն է ունեցել:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, Ռոբերտ Ավետիսյանը խոսել է Արցախի հիմնախնդիրների, հատկապես՝ արցախա-ադրբեջանական հակամարտության մասին` նշելով այդ հարցի կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա ներկայացրել է նաև Արցախի բնակչության ժողովրդագրական պատկերը՝ հավելելով, որ տվյալները կթարմացվեն այս տարի անցկացվող մարդահամարից հետո: Անդրադառնալով Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական, մշակութային կյանքին՝ բանախոսն ասել է, որ այդ  ոլորտներում վերջին տարիներին զգալի աճ է գրանցվել:

Դասախոսություն-հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանով, որոնց Ռոբերտ Ավետիսյանը սպառիչ պատասխաններ է տվել:

ՀԲԸՄ պատվո անդամ, ՀԲԸՄ Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել հյուրին կարևոր հանդիպման համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնություններն ավելի են ամրապնդում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կապերը:

Ապա օրհնության խոսք է ասել Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Սրբազան Հայրն աղոթել է հայ ժողովրդի խաղաղության և սահմանների անվտանգության համար՝ բոլորին հորդորելով գնալ Արցախ՝ վայելելու արցախյան բնությունն ու մշակույթը:

 Ջերմ հանդիպումն ավարտվել է հատուկ ընդունելությամբ:

  

Scroll Up