Թբիլիսահայ տիկնանց այցելությունը «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ շաբաթ և կիրակի օրերին կազմակերպվեց  թբիլիսահայ կանանց այցելությունը Հովհաննես Թումանյանի թբիլիսյան նախկին բնակարան՝ այժմ  «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն:
Ճիշտ է, գրեթե մեկ տարի է, ինչ քաղաքամայր Թբիլիսիում գործում է Ամենայն հայոց բանաստեղծի նախկին տանը ստեղծված համանուն կենտրոնը, բայց ոչ բոլոր թբիլիսահայերն են կարողացել վայելել թումանյանական տան ոգեշունչ մթնոլորտը: Սակայն ցանկությունը եղել է մեծ: Եվ քանի որ  մեծ էր  Թումանյանի վերանորոգված և կենտրոնի վերածված տունը տեսնել ցակացողների թիվը, որոշվեց այցելությունն իրականացնել երկու օր՝ շաբաթ և կիրակի օրերին:
2018 թվականի հունիսի 9-10-ին, յուրաքանչյուր խմբում երկու տասնյակից ավելի տիկնայք, որոնց շրջանում էին հայոց լեզվի և գրականության նախկին ուսուցիչներ, տարբեր առարկաների մանկավարժներ, հայագիտական ֆակուլտետի ուսանողներ, պարզապես Թումանյանի ստեղծագործությունների երկրպագուներ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանի գլխավորությամբ, այցելեց «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն:
Երկու օրերին էլ այցելուներին դիմավորեց ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Վերջինս ներկայացրեց տան պատմությունը, գործունեության առաքելությունը և ապագայի տեսլականը: Այցելուները հետաքրքրությամբ, երախտագիտության մեծ զգացումով դիտեցին վերանորոգված, թումանյանական շունչը պահպանած, հնաոճ կահավորված սենյակները, ապրելով մեծ բանաստեղծի տանը շրջելու, ստեղծարար մթնոլորտը զգալու երջանկությունը:
Չխախտելով Թումանյանի ընտանիքի թեյով հյուրասիրության ավանդույթը, հյուրերը տեղեր զբաղեցրին հիանալի պատշգամբում գցված սեղանի շուրջ: Կենտրոնի տիկնիկային թատրոնի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը, դերասան Աշոտ Սիմոնյանի հետ միասին ձեռնամուխ եղան  «վերնանուշներին», ինչպես նրանց կանվաներ Հայոց մեծ բանաստեղծը, թեյով հյուրասիրությանը՝ ուղեկցությամբ հետաքրքիր պատմություններով, հուշերով:Հաճելի անակնկալ էր  նրանց կողմից պատրաստված փոքրիկ մագաղաթները, որոնց վրա գրված էին Թումանյանի խոհա-փիլիսոփայական քառյակները, հատվածներ նրա ստեղծագործություններից:
Մեկ բաժակ թեյի շուրջ թբիլիսահայ կանայք ընթերցում էին իրենց բաժին ընկած մագաղաթները, ընկղմվում այնքան պարզ և միևնույն ժամանակ այնքան բարդ Թումանյանի ստեղծագործությունների խորության մեջ, ըմբոշխնելով դրանց անմահ հմայքը: Նրանցից շատերը արտասանեցին ոչ միայն տողեր, այլև ամբողջական պոեմներ և բանաստեղծություններ Թումանյանի գործերից, կատարեցին երգեր նրա խոսքերով:
Վառ տպավորություններով, շնորհակալության խորին զգացմունքով, խմբովի նկարվելուց հետո հյուրերը իրենց հետ տարան թումանյանական հարուստ գրականության նորովի ընկալումները և զգացումները:

Աղբյուրը՝ http://armenianchurch.ge

Scroll Up