«Անկախության բնական գույները». ցուցահանդես-վաճառք

2018թ հունիսի 5-ից Երևան քաղաքի Բնության պետական թանգարանում մեկնարկել է «Բնության գույները» խորագրով միջոցառումը, որի շրջանակներում «Հայկական մանրանկարչության կենտրոն» (ՀՄԿ) հիմնադրամը ներկայանում է «Անկախության բնական գույները» խորագիրը կրող ցուցահանդեսով:

«Անկախության բնական գույները» անվանումը պատահական տրված չէ: Ցուցահանդեսի  այսպիսի անվանումը խորհրդանշական է, որի հոգևոր ըմբռնումը հետևյալն է.

«Մենք գտնում ենք, որ հայ ժողովուրդը 100 տարի առաջ վերագտել է իր անկախությունը, ինչը հատուկ է բնությանը և տիեզերքին…

Անկախ է բնությունը, անկախ է տիեզերքը…

Անկախ ենք մենք՝ ՀԱՅԵՐՍ, մեր  բնույթով  ու մեր բովանդակությամբ, ինչպես տիեզերքը, ինչպես մեզ շրջապատող բնությունը, որի հետ նույնական են մեր էության գույները, մեր երաժշտությունը, մեր քանդակը ու ճարտարագիտությունը, մեր լեզուն ու մեր տառերը…

Տիեզերքը փոփոխական է, այնպես ինչպես մարդկության կյանքը…

Երբեմն հրդեհվում է բնությունը, երբեմն իրար են բախվում մոլորակները, երբեմն լինում են ահեղ ու սարսափելի երկրաշարժեր, երբեմն այրվում են անտառները…Այսպիսի իրադարձությունների ժամանակ բնությունը կարծես մեռնում է, կարծես դադրում է գոյություն ունենալուց…

Այսպիսին է նաև մեր պատմությունը՝ ՀԱՅ ժողովրդի անցած ուղին:

Նա վառվել է, հրդեհվել է, երկրաշարժվել է, բախվել է ու ցրիվ եկել, բայց ծնվել է նորից ու նորից, ինչպես ծնվում են աստղերը…»:

Միջոցառման շրջանակներում, Բնության պետական թանգարանի ցուցասրահում ներկայացված են մեր կենտրոնի   գլխավոր գիրքը՝ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՄԱՏՅԱՆԸ, որն ամեն տարի հասնելու է աշխարհի 70 երկրներում ապրող հայ փոքրիկներին, ովքեր սկսում են սովորել տառեր նկարել…

Աշխարհի 70 երկրում, ամեն տարի ծնվում են հայեր ու հենց նրանց համար է ԱՅԲՈՒԲԵՆԻ ՄԱՏՅԱՆԸ՝ մեր գլխավոր գիրքը, որը հայոց այբուբենի ԱՆՁՆԱԳԻՐՆ Է, ուրեմն և ԱՆՁՆԱԳԻՐՆ Է ԱՄԵՆ ՄԻ ՀԱՅ ԵՐԵԽԱՅԻ, ով ճակատագրի բերումով ապրում է հայրենիքից դուրս…

Մանրանկարաչական այդ գրքույկը բնության ձայների իսկական պատկերագրություն է: Պետք է ուղղակի տեսնել, ստանալ ու վայելել…

Հիմնադրամի ծրագրերով ներկայացված են նաև այլ բացառիկ աշխատանքներ, որոնք    գեղարվեստական մտածողության հիանալի նմուշներ են»:

Ցուցադրության 10 օրվա ընթացքում դուք կարող եք տեսնել ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԲԱՏԻԿ, որով ստեղծված են քրիստոենական մշակույթի ամենաբարդ, ամենակատարյալ ու  խորհրդավոր թեմաների վերարտադրություններ՝ 15-17դարերի հայ մանրանկարիչների գործերից: Օրինակ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈԴ ԳԱԼՍՏՅԱՆ ԽԱՉԵՐԻ   մանրանկարները, որոնք բատիկայի արվեստի հիանալի կատարումներ են՝ իրենց հրեղեն երաժշտականությամբ:

Ցուցահանդեսը ամբողջական չէր լինի, եթե ներկայացված չլիներ ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԸ՝ հայոց տառերի՝ բնության պատկերների, տառային նկարչության շարքով, որոնց անվանում են ՏԱՌԱՅԻՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ…

Հայոց մանրանկարչական տառերը բնության իրական վերապատկերումն են՝ կենդանիների, թռչունների, զարդերի, մարդկանց տեսքերով ու թովչությամբ:

Նրկայացված աշխատանքների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ, ինչպես ցուցադրության ընթացքում ծրագրերի ղեկավարների կողմից, այնպես էլ հետագայում կենտրոնի հետ կապ հաստատելով: Կենտրոնը պատրաստ է լսել ու քննարկել ցանկացած առաջարկություն:

Մեր հասցեն է՝ ք. Երևան, Թումանյան 8, 514 սենյակ, հեռ՝ 010-54-00-13, +374-77-61-37-32, էլ.հասցե՝ [email protected]:

Scroll Up