Ուկրաինայի Վիննիցա քաղաքում բացվել է հայ նկարիչ Կարեն Աղամյանի ցուցահանդեսը

Ուկրաինական Վիննիցա քաղաքի «Պատկերասրահ XXI»-ում բացվել է «Լավագույն արվեստագետ/ The best artist 2018» միջազգային գեղարվեստական պլեների ամենատիտղոսավոր մասնակիցներից մեկի՝ Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ, միջոցառմանը նկարիչը պարգևատրվել է Ուկրաինայի հայերի միության պատվոգրով:

Իր աշխատանքների ցուցահանդեսը հայ նկարիչն առաջին անգամ է ներկայացնում Ուկրաինայում: Ցուցահանդեսին աջակցում է Վիննիայի հայկական համայնքը  (նախագահ՝ Սամվել Էգոյան), այն բաց է լինելու մինչեւ հունիսի 14-ը:

ՊրոֆեսորԿարեն Աղամյանը Հայաստանի նկարիչների միության նախագահն է, ՀՀ Նախագահի աշխատակազմի Մշակույթի հարցերով խորհրդի անդամ, Սոկա համալսարանի (Տոկիո) պատվավոր պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ: 1970 թվականից ի վեր նա մասնակցել է տարբեր երկրների Մշակույթի նախարարությունների եւ Նկարիչների միությունների կողմից կազմակերպած ավելի քան 150 հանրապետական, համամիութենական, միջազգային եւ օտարերկրյա անհատական եւ խմբակային ցուցահանդեսների:

Նկարչի աշխատանքներից շատերը գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության հիմնադրամներում եւ արխիվներով, ինչպես նաեւ աշխարհի մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում:

Կազմակերպիչների խոսքով՝ համաշխարհային անունով տաղանդավոր նկարչի ստեղծագործությունները մինչ այժմ Ուկրաինայում լայնորեն ներկայացված չեն եղել:

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է կատարում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: Միության նախագահ Վիլեն Շատվորյանը իր խոսքում հաճախ է նշում, որ  մշակույթն ավանդաբար գտնվում է կազմակերպության ուշադրության կենտրոնում:

Scroll Up