Ինչո՞ւ ապրիլի 24, կամ ինչպես Ջոլոլյան եղբայրներն աշխարհին հիշեցրեցին հայերի ջարդի մասին

Հայոց ցեղասպանությունը չի կոտրել Ջոլոլյանների ոգին։ Նրանց հաջողվել է ոչ միայնփրկվել այդ սարսափելի ոճիրիցայլ նաև իրենց ավանդն ունենալ այդ ողբերգությանզոհերի հիշատակը հավերժացնելու մեջ։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամսաթիվը` ապրիլի 24–ը, հայտնի է յուրաքանչյուր հայի։ Բայց քչերը գիտեն, որ առաջին անգամ այն նշել են 1919թ.` հիշատակի պատարագ մատուցելով հենց Կոստանդնուպոլիսում։ Այն անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռումինահայ պատմաբան Հակոբ Սիրունին (Ջոլոլյանը)։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Հակոբի ազգական, Ֆրանսիայի հայ բժիշկների ասոցիացիայի նախկին նախագահ, դեղագործ Պատրիս Ջոլոլյանը։

Նա Երևան է ժամանել Օսմանյան և Ռուսական կայսրությունների պետական գործիչ, հայազգի Մանուկ բեյ Միրզոյանին նվիրված երկօրյա համաժողովին մասնակցելու համար։

Համաժողովի շրջանակում, որը տեղի է ունենում Երևանում հունիսի 7-8–ը, նա կպատմի Հակոբ Սիրունիի գործունեության մասին և հանրությանը կներկայացնի հրապարակումներ ազգականի անձնական արխիվից` նվիրված Մանուկ բեյ Միրզոյանին։

Սիրունիին հրաշքով է հաջողվել փրկվել Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունից։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա թաքնվել է Կոստանդնուպոլիսում հույների տանը։ Նրա եղբայրը և Պատրիսի հայրը` Գրիգորը, արտաքսվել են։

1918թ. Սիրունին դուրս է եկել ընդհատակից։ Արդեն 1919թ. հայերի խումբը` Հակոբի գլխավորությամբ, Կոստանդնուպոլիսում ստեղծել է հատուկ կոմիտե` հիշատակի միջոցառումներ կազմակերպելու համար` նվիրված Հայոց ցեղասպանության չորրորդ տարելիցին։

«Կոմիտեն հաստատել է ամսաթիվը` ապրիլի 24–ը, որն արդեն հետո ընդունվել է ամբողջ աշխարհի հայերի կողմից», – հարցազրույցում ասաց Պատրիս Ջոլոլյանը։

Ճիշտ է`1919թ. ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նշել են նեղ կազմով, Կոստանդնուպոլիսի պատրիարք Զավեն Եղյայանի վատ ինքնազգացողության պատճառով ավելի մեծամասշտաբ միջոցառումները տեղափոխվել են հաջորդ օրը` ապրիլի 25–ը։

Այդ ժամանակ Օսմանյան կայսրության տարածքում  անգլիական և ֆրանսիական զորքերն էին, ուստի թուրքերը չեն խոչընդոտել հայերի նախաձեռնությանը։

1922թ. Հակոբ Սիրունին տեղափոխվել է Ռումինիա, իսկ նրա եղբայր Գրիգորը հաստատվել է Ֆրանսիայում։

Սիրունին Բուխարեստում հիմնել է Հայկական մշակույթի տուն և հայ արվեստի թանգարան։ Նա զբաղվել է հասարակական գործունեությամբ, հանդես է եկել որպես օպերատոր, հրապարակախոս և դասախոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեղադրվել է ազգայնամոլական գաղափարների մեջ և 10 տարով արտաքսվել։

Այդ ժամանակ Գրիգոր Ջոլոլյանը Փարիզում լուսանկարչի կարիերա է արել, ֆոտոսրահ բացել։

Նրան պատկանում են բացառիկ կադրեր` մեծ հայ կոմպոզիտոր Կոմիտասի, ավստրիացի գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի լուսանկարները, ինչպես նաև գեներալ Անդրանիկ Օզանյանի հուղարկավորությունից եզակի լուսանկարներ։

Ավելի ուշ նրա մոտ լուսանկարվել են այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Շոն Քոներին և Առնոլդ Շվարցենեգերը։

Եղբայրները թեկուզ հաճախ չեն տեսնվել, բայց մշտապես նամակագրական կապի մեջ են եղել, պատմեց Պատրիս Ջոլոլյանը։

Հակոբը մահացել է 1973թ., իսկ երկու տարի անց Փարիզում մահացել է նրա եղբայր Գրիգորը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Scroll Up