Հայ հոգևոր երաժշտության երեկո Շվեդիայում

Շվեդիայի Գոթեբորգի ավետարանական Հյելբո տաճարում տեղի հայ և շվեդական եկեղեցական համայնքները կազմակերպել էին հայ հոգևոր երաժշտության երեկո՝ Հայաստանից ժամանած դուդուկահար Արսեն Պետրոսյանի և երգեհոնարար Լեյֆ Թյուլհագեի համատեղ կատարմամբ։ Հանդիսության բացման և օրհնության խոսքով հանդես եկան Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Սկանդինավիայի փոխանորդ հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը և Հյելբո եկեղեցու հոգևոր հովիվ Էմանուել Ֆյուրբակենը՝ անդրադառնալով նաև հայ եկեղեցական երաժշտության արվեստի յուրահատկությանն ու բացառիկ մեղեդայնությանը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության Սկանդինավիայի հոգևոր հովվությունից, հանդիսությանը ներկա էին Գոթեբորգի հայ և օտար համայնքների հավատացյալներ, հոգևորականներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Գրեմմիի շվեդ մրցանակակիր, կոմպոզիտոր Օկե Պարմերուդը։

Հանդիսությունն ամփոփվեց հոգեշնորհ հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանի «Պահպանիչ» աղոթքով:

Scroll Up