Սփյուռքի նախարարն ու փոխնախարարն ընդունեցին ԱՄՆ դեսպանին

Հունիսի 5-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն ընդունեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Դեսպանը նախարարին ուղղված  իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշեց. «Շնորհավորանքներս  Ձեր նշանակման առթիվ: Միացյալ Նահանգներում, հուրախություն մեզ, կա մեծ ու ազդեցիկ հայկական սփյուռք, ինչը խոսում է մեր երկու երկրների ընդհանուր պատմության և արժեքների մասին: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ամերիկահայ սփյուռքը կշարունակի կառուցողական դերակատարում ունենալ ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի զարգացման և կայացման գործում»:

Նախարարն իր հերթին ընդգծեց, որ գնահատում է հայ-ամերիկյան բազմամյա գործակցությունն ու պատրաստ է առավելագույնը աջակցել, որպեսզի ամերիկահայ սփյուռքի դերակատարումն ավելի ամրապնդվի Հայաստանի զարգացման գործընթացում:

Կողմերը մասնավորապես անդրադարձան նաև Հայաստանում հաստատված սիրիահայերի ինտեգրացիոն գործընթացին, խոսեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսական  և այլ ոլորտների զարգացմանն ուղղված համատեղ քայլերից:

Scroll Up