Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ նշանակություն ունի. ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը: Բալայանը նշեց, որ Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ նշանակություն ունի, և մենք շարունակելու ենք առաջնորդող դերակատարում ունենալ այս ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում:

«Ցեղասպանության հանցագործության ճանաչումը համամարդկային արժեքների գերակայության, մարդու իրավունքների վերահաստատման գործընթաց է՝ կոչված նման ոճիրների կանխարգելմանը, դրա կրկնության բացառմանը՝ անկախ ներքաղաքական համատեքստից և աշխարհաքաղաքական իրադրությունից»,- Արմենպրեսի փոխանցմամբ, ընդգծեց ԱԳՆ խոսնակը:
Տիգրան Բալայանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված տասնյակ բանաձևերը ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անշրջելի է:
Իսրայելի Քնեսեթի օրակարգում էր հայտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Քնեսեթի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել էին Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագծի ներկայացման մասին և ընդգծել, որ եկել է ժամանակը, որ Իսրայելը ճանաչի թուրքերի կողմից իրականացված ոճիրը: Վարչապետ Նեթանյահուն, սակայն, հայտարարել է, որ ընդունել է երկրի ԱԳՆ-ի խորհուրդները՝ Քնեսեթում (խորհրդարան) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումները հետաձգել մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը։
Scroll Up