Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին

Մայիսի 31-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: Տոնական երեկոն կազմակերպվել էր Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Օշական քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ, համագործակցությամբ տեղի ծխական խորհրդի և Ռումինիայի Հայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի` օրհնությամբ Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվանից, համերգը տեղի ունեցավ քաղաքի Արվեստի թանգարանի գեղեցիկ սրահում, ուր հավաքվել էին ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլև բազում ռումինացիներ, տեղական մամուլի և ռադիոյի ներկայացուցիչներ, Կոնստանցայի mարզային gրադարանի տնօրեն Կորինա Միհաելա Ապոստոլեանուն, «Անտիկուս» բազմամշակութային ընկերակցության պատասխանատու Տաներ Մուրատը, հյուրեր և երաժշտության սիրահարներ:

Բացման խոսքով հանդես եկավ ծուխի հոգևոր հովիվը` խոսելով Մայիսյան հերոսամարտերի կարևորության, Հայոց պետականության վերածննդի մասին` շեշտելով այն հանգամանքը, որ ցեղասպանված հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ պայքարելու և վերաստեղծելու Հայոց անկախ պետություն, հռչակելու Հայաստանի Հանրապետությունը, ինչը հնարավոր դարձավ հայի հերոսական ոգու և միասնականության շնորհիվ: Այնուհետև ներկաներին ողջունեց ծխական խորհրդի անդամ, տեղի կիրակնօրյա դպրոցի հայերենի ուսուցչուհի Ազատուհի Բենլյանը և ներկայացրեց համերգային օրվա ծրագիրը:

Երեկոյի ընթացքում ելույթ ունենացան սոպրանո, երեցկին Արմինե Խաչատրյանը, նվագակցությամբ օրիորդ Անդրադա Շտեֆանի, Մարիամ Խաչատրյանը, Արամ Մարիուս Նիցան, Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի երեխաներից բաղկացած փոքրիկ երգչախումբը` ղեկավարությամբ Արմինե Խաչատրյանի: Հնչեցին Հայաստանին նվիրված հայրենասիրական ու ազգային երգեր`  «Երազ իմ երկիր հայրենի», «Հով արեք սարեր», «Բարի արագիլ», «Ազգ փառապանծ», «Աղավնիներ», «Հայաստան», «Ախ ինչ լավ է, սարի վրա», «Նոր Հայաստան», «Բարձրիկ Հայաստան» և այլն, կատարվեցին հայ անվանի ու ճանաչված կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդարյանի հանճարեղ ստեղծագործությունները:

Տարիներ շարունակ հայրենիքից հեռու, օտար ափերում տուն կերտած հայերը մեկ անգամ ևս հաղորդակից եղան հայ մշակութային ժառանգությանը: Բոլորի սրտերը նորից լցվեցին կարոտով առ հայրենիք. մարդկանց աչքերում վառվող լույսն ու արցունքները անխոս վկան էին այն փաստի, որ թեև հայրենիքից հեռու, բայց հայը շարունակում է մնալ հայ` իր նուրբ զգացմունքայնությամբ և թաքուն հույզերով:

Համերգից հետո, ընդառաջ հունիսմեկյան խորհրդին, մասնակից բոլոր երեխաներն իրենց ծնողների հետ ծխական խորհրդի կողմից հրավիրվեցին մանկական սրճարան, ուր կազմակերպվել էր հյուրասիրություն:

Scroll Up