«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Առաջին աշխարհամարտի և Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին (1914-1920թթ.)». նոր հրատարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2 առանձին հատորներից բաղկացած «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Առաջին աշխարհամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին (1914-1920թթ.)» խորագիրը կրող նյութերի ժողովածուն:

Սույն հրատարակությունները նվիրված են Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին:

Առաջին հատորում ներկայացված են 393 փաստաթղթեր, որոնք ներկայացնում են 1914 թվականից՝ Առաջին աշխարհամարտի սկզբից մինչև 1917 թվականի փետրվարն ընկած ժամանակաշրջանի իրադարձությունները: Հրատարակվող փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում:  Փաստաթղթերն ընտրված են հիմնականում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիվանի, Ս. Էջմիածնի լուսավորչական հայոց սինոդի, Կովկասի հայոց բարեգործական ընկերության, Երևանի հայոց հոգևոր թեմական կառավարությանը կից «Եղբայրական օգնության» կոմիտեի, Ս. Էջմիածնի եղբայրական օգնության կարգադիր հանձնաժողովի ֆոնդերից:

Երկրորդ հատորում ընդգրկված են 456 փաստաթղթեր, որոնք ներկայացնում են 1917 թվականի մարտից մինչև 1920 թվականի վերջն ընկած ժամանակաշրջանի իրադարձությունները:

Հրատարակված փաստաթղթերը ներկայացնում են այս ժամանակահատվածում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի և առանձին հոգևորականների դերն ու գործունեությունը և Մայր Աթոռի ու Հայաստանի կառավարության փոխհարաբերությունները:

Գրեթե բոլոր փաստաթղթերը, որոշ բացառություններով, հրատարակվում են առաջին անգամ, բնագրի լեզվով՝ մասնակի ուղղագրական ու կետադրական շտկումներով:

Երկու հատորներն էլ հրատարակվել են մեկենասությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի՝ ի հիշատակ եղբոր` Աստվածատուր Ավետիքյանի:

Scroll Up