Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ Կանադայում

Մայիսի 26-ին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում Կանադայի Քվեբեկ նահանգի Լավալ քաղաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը, Լավալի քաղաքապետ Մարկ Դեմերը, Քվեբեկ նահանգի նախարարները, հայկական երեք ավանդական կուսակցությունների պատասխանատուներն ու քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչները:

Ելույթով հանդես եկան դեսպան Մարտիրոսյանը, Լավալի քաղաքապետը, նահանգի պաշտոնյաներն ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանը գրառում կատարեց քաղաքապետարանի պատվո հյուրերի գրանցամատյանում:

Մայիսի 28-ին Հայական եռագույնի բարձրացման պաշտոնական արարողություն տեղի ունեցավ նաև Տորոնտոյի քաղաքապետարանում և Օնտարիո նահանգի օրենսդիր մարմնի կենտրոնակայանում:

Միջոցառումներին ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին, ինչպես նաև քաղաքի հայ համայնքի կուսակցական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչները: Հայաստանի և Կանադայի օրհներգերը կատարելուց հետո Տորոնտոյի հայկական վարժարանի սաները կատարեցին նաև հայ կոմպեզիտորների մի շարք ստեղծագործություններ:

Միցոռման շրջանակներում ՀՀ դեսպանն առանձնազրույց ունեցավ Տորոնտոյի քաղաքապետի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության ծրագրերն ու հեռանկարները:

Այցի ընթացքում դեսպան Մարտիրոսյանը գրառում կատարեց Օնտարիո նահանգի օրենսդիր մարմնի պատվո հյուրերի գրանցամատյանում:

Scroll Up