Վստահ եմ, որ մեզ կհաջողվի առավել զարգացնել Լրագրողների համահայկական համաժողովը. Վահագն Կարագաշյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում մայիսի 30-ին մեկնարկեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը, որը մեկտեղել է Սփյուռքի և Հայաստանի առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: «Առավել, քան կարևոր եմ համարում Հայաստանի և Սփյուռքի լրագրողների համագործակցությունն ու փորձի փոխանակումը։ Լրագրողների համահայկական համաժողովներն այդ առումով շաղկապող կամուրջ են հանդիսանում Սփյուռքի և Հայաստանի միջև»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Կարագաշյանը՝ նշելով, որ շաբաթաթերթը, որն ունի 40 տարվա պատմություն, անդրադառնում է Սփյուռքի և, ընդհանրապես, հայությանը հուզող հարցերին, հրատապ ու բազմաբնույթ տեղեկություններ հաղորդում հայ համայնքների մասին՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանը, Արցախն ու Ջավախքը։

Տեղեկատվությունը հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն։ «Արդեն 8-րդ անգամն եմ մասնակցում լրագրողների համահայկական համաժողովին և վստահ եմ, որ մեզ կհաջողվի առավել զարգացնել և պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել այս ձևաչափը»,- հավելեց «Հորիզոն»-ի գլխավոր խմբագիրը։

Scroll Up