Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրում Դամասկոսում

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունի, միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի սցենարով պատրաստված փաստավավերագրական ֆիլմի դիտում Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի պետականության վերականգնման մասին: Ֆիլմի ռեժիսորն է սիրիացի վաստակավոր արվեստագետ Բասել ալ-Խատիբը:

Ֆիլմում առաջին անգամ սիրիացի լայն լսարանին արաբերենով համապարփակ ներկայացվեց հայ ժողովրդի պատմությունը՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության հետ կապված փաստեր:

Ֆիլմում հիմնավոր կերպով մեկնաբանվում է, թե ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում տեղի ունեցավ Հայոց պետականության վերականգնումը շուրջ հինգ հարյուր հիսուն տարի ընդմիջումից հետո։ Ապա ցույց է տրվում Հայոց հավաքական ուժի միջոցով Մայիսյան հերոսամարտերում Թուրքիայի նկատմամբ հաղթանակները Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատի վճռական մարտում, որին հաջորդեց մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։

Ֆիլմը ցուցադրվեց նաև սիրիական հեռուստատեսությամբ և բարձր գնահատանքի արժանացավ Սիրիայի մտավորականության և սիրիահայ համայնքի կողմից:

Scroll Up