Սփյուռքի նախարարն ընդունեց Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանին, ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանին և իր տիկին Սուսաննա Նահապետյանին, ՀՅԴ Բուենոս Այրեսի կենտրոնական կոմիտեի ղեկավար Ջանիկ Քեչյանին, ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ  Էդուարդո Կոստանյանին, «Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճեանին, «Սարդարապատ» թերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանին, ՀԲԸՄ անդամ Խուան Կարլոս Մուրադյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց նրանց նախարարություն այցելելու և հետագա համագործակցությունն ու առկա կապերն առավել ամրապնդելու պատրաստակամության համար: «Մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկը հայրենադարձությունն է: Մենք ունենք քաղաքական կամք բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար: Իհարկե, խոսելով հայրենադարձության մասին՝ գիտենք նաև, որ Սփյուռքը եղել է և մնալու է: Այսօր մենք Սփյուռքը յուրովի ճանաչելու խնդիր ունենք, քանի որ այն բազմերանգ է, բազմաշերտ և ունի առանձնահատկություններ: Մեր գործունեության հաջորդ ուղղությունը հայապահպանությունն է, իսկ առանց ձեզ հետ սերտ համագործակցության Սփյուռքում հայապահպանության գործընթացը անարդյունք կլինի»,-նշեց Մխիթար Հայրապետյանը: Սփյուռքի նախարարն ընդգծեց նաև, որ համայնքների հետ աշխատանքին կհաղորդվի բոլորովին նոր որակ, նոր լիցքեր: «Այս ամենի համար մեզ պետք է միասնականություն: Թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է լինել միասնական: Մեր գործունեության առանցքում հայ մարդն է, հայ ժողովուրդը»,-հավելեց նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը Սփյուռքի նախարարին մաղթեց մեծ եռանդ հայերի երազանքի Հայաստանը կառուցելու գործում: «Մենք ցանկացած ձևով պատրաստ ենք նպաստել Հայաստանի զարգացմանը: Այդ աջակցության, համագործակցության ճանապարհը մենք տեսնում ենք Սփյուռքի նախարարության միջոցով»,-նշեց Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների նախագահ Խաչիկ Տեր Ղուկասյանի անունից  նախարարին փոխանցեց  շնորհավորական նամակ:

ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանը կարևորեց, որ արգենտինահայ համայնքը գործունյա և միասնական համայնք է, միահամուռ գործում են հայկական կազմակերպությունները, ավանդական կուսակցությունների միջև հարաբերությունները բարեդրացիական են: «Հայապահպանություն ասելով՝ այդ բառի մեջ մենք հասկանում ենք, որ պիտի պահենք ու պահպանենք նաև Հայաստանն ու Արցախը: Հայրենիքի լավագույն զինվորներից մեկն էլ հայկական սփյուռքն է»,-նշեց Սեխիո Նահապետյանը:

«Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճեանն ընդգծեց. «Մեր զենքը գործը պիտի լինի: Բառերը պիտի թարգմանենք գործի և առաջ գնանք»:

 

Scroll Up