Հայաստանը լավագույն ուղղությունն է.չեխ ճանապարհորդ

Պրահայի Վելեսլավին թաղամասի ճամփորդական սրճարանում երեկ տեղի ունեցավ չեխ ճանապարհորդ Վլադիմիր Վախալի Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված դասախոսությունը, որն ուղեկցվում էր լուսանկարների ցուցադրությամբ եւ հյութեղ մեկնաբանություններով։ 7 տարի շարունակ Հայաստան ճամփորդող Վլադիմիրը,  նոր է վերադարձել Երեւանից,որտեղ 30-օրյա ճամփորդության ընթացքում ականտես է եղել թավշյա հեղափոխությանը, անցկացրել հիշարժան արկածներով լի ժամանակ եւ իբրեւ անձնական փորձառության արդյունք՝  ներկաներին խորհուրդ էր տալիս անպայման այցելել Հայաստան։

«Որեւէ պատճառ չկա Հայաստան չգնալու համար։ Ես միայն կարող եմ ասել, որ բոլոր առումներով Հայաստանն առաջին ուղղությունն է, որ կարող եք ընտրել եւ այցելել՚»,- ոգեւորում էր նա ներկաներին։

«Հայաստանը գրավում է ոչ միայն քրիստոնեական անցյալով ու ներկայով, եկեղեցիներով ու վանքերի առատությամբ, այլև  մաքրությամբ ժամանակակից դիզայնով ռեստորաններով ու սրճարաններով մարդկանց հյուրասիրությամբ և  հայկական խոհանոցի թարմ ու համեղ ուտեստներով»,- ասում էր Վախալը։

Վլադիմիրը հիացած է նաեւ Երեւանի ճարտարապետությամբ, խմելու ջրով ու հայկական կոնյակով, գինիների տեսակներով ու թորած  օղու համով, նույնիսկ «Գյումրի՚» և ՙ«Կիլիկիա» գարեջրերով։ Անդրանիկը նրա ամենասիրած հայ հերոսն է իսկ Արարատի բնապատկերը՝ նրա նախընտրած տեսարանը։ Ու թեեւ Արարատն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, բայց ինչպես Վլադիմիրն է ասում,  հույս ունի,  որ մի օր իր սիրելի լեռը կվերադարձվի Հայաստանի տարածք։

Լեռնային Ղարաբաղի մասին պատմական տեղեկություններից ու ներկա կարգավիճակի մասին տեղեկություններ տալուց հետո Վլադիմիրը ցույց տվեց նաեւ մի քանի լուսանկար Աղդամից, Վանք գյուղից, Շուշիից ու Գանձասարից, Դադիվանքից նաեւ հետաքրքիր պատմություններ հիշեց իրեն ուղեկցող արցախցիների մասին։

Չեխ ճանապարհորդը հումորով ներկայացում էր,թե ինչպես օգտվել քաղաքային տրանսպորտից, ինչ թանգարաններ այցելել եւ ինչ համտեսել։ Օրինակ, նրա կարծիքով հայերը հոյակապ պանիր են պատրաստում եւ Հայաստանում անպայման պետք է փորձել պանրի տեսակները, ինչպես նաեւ ծիրանը՝ չորացրած,  թե թարմ վիճակում։ Նույնը վերաբերում է հայկական բանջարեղենին։  Միակ բանը, որ նա խորհուրդ տվեց երբեք չխմել, դա Բուրատինո հայկական լիմոնադն է։ Նաեւ խոսեց լեզվի մասին, հայերեն երեք բառ է սովորել, որոնք անընդհատ օգտագործել է՝ մոխրաման, զուգարան եւ հրապարակ։

Իսկ մնացյալ հարցերում, խորհուրդ տվեց մեկնել Հայաստան եւ վայելել օդը, ջուրը եւ բնությունը, հիանալ Սեւանա լճի գեղեցկությամբ՝ անպայման այցելելով նաեւ Սուրբ Էջմիածին։

Scroll Up