Հայրենիքին մատուցած Ձեր անուրանալի ծառայությունները ջերմացրել և ջերմացնում են բոլորիս. վարչապետը՝ Ազնավուրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանըշնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան 94-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Մեր ամբողջ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

Ձեր կյանքը և գործունեությունը մարդկային տաղանդի, կամքի, աշխատասիրության հաղթանակի բացառիկ օրինակ են, որը ոգեշնչել և ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց՝ ամբողջ աշխարհում: Հայաստանի կյանքում տեղի ունեցող շրջադարձային փոփոխությունների այս ժամանակահատվածում Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է, որովհետև ապացուցում է, որ մարդկային կամքն ու հետևողականությունը չեն ճանաչում արգելքներ, և ցանկացած նպատակ հասանելի է, եթե ունես երազանք, վստահություն, համբերություն և հավատ»:

Ուղերձում նշվում է, որ հենց այսպիսի հատկանիշների շնորհիվ հայ ժողովուրդը վերականգնեց իր իշխանությունը 2018 թվականի ապրիլ-մայիսին:

«Մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում: Մենք անհամբեր ենք, որ Դուք սեփական աչքերով տեսնեք և համոզվեք, որ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը հաղթել է և կերտել սեփական տաղանդի, կամքի, աշխատասիրության, երազանքի հաղթանակը: Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ եմ մաղթում: Հայրենիքին մատուցած Ձեր անուրանալի ծառայությունները ջերմացրել և ջերմացնում են բոլորիս»,-ասված է ուղերձում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Scroll Up