Նոր ալբոմ-վավերագիր. Առաջին Հանրապետության 100 էջերը

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման՝ Հայոց պետականության վերածննդի 100-ամյա տարեդարձին ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանի և լիբանանահայ հայրենադարձ ֆոտոլրագրող Գաբրիել Փանոսյանի աշխատությամբ լույս է տեսել «Հայոց պետականության վերածննդի 100 էջերը» վերնագրով ալբոմ-վավերագիրը:

Այս նախաձեռնության գաղափարը Գաբրիել Փանոսյանի մոտ ծագել է դեռևս 2015 թվականին, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ավարտից հետո Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մի առիթով ասել է, որ հաջորդ հանգրվանը պետք է լինի Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նախապատրաստվելը: Այս խոսքերը հիմք են հանդիսացել իրականացնելու մի նախագիծ՝ իր համեստ ներդրումն ունենալով համահայկական միջոցառումների շարքում:

«Պատեհ առիթ համարեցի Մայիսյան տոներին ընդառաջ որևէ նախաձեռնությամբ հանդես գալ. նախ մտածեցի փաստագրական լուսանկարների ցուցահանդես կազմակերպել, որի ուղղությամբ սկսեցի ծավալուն աշխատանք կատարել: Անտիպ նմուշներ գտնելու խնդրանքով՝ դիմեցի տարբեր մարդկանց, թանգարանների, սակայն հասկացա, որ այդ լուսանկարները պետք է նաև բացատրություն ունենան, ուստի համագործակցության առաջարկով դիմեցի պատմաբան, Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանին»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց ֆոտոլրագրողը:

Ժամանակի ընթացքում հավաքելով լուսանկարներն ու նյութերը՝  նրանք նկատել են, որ աշխատանքներն օրեցօր ծավալվում են, այդ պատճառով էլ որոշել են պատկերագիրք հրատարակել և լուսանկարների հետ միաժամանակ ներկայացնել Առաջին Հանրապետության արժանահիշատակ իրադարձություններն ու պետական գործիչների գործունեությունը: Ութ ամսվա մանրակրկիտ աշխատանքից հետո հիմա արդեն գիրքն ընթերցողի սեղանին է դրված:

Արևելահայերեն և արևմահայերեն լեզուներով տպագրված պատկերագիրքը հրատարակելու համար հովանավորել են Ֆրեզնոյի ՀՅԴ Սողոմոն Թեհլերլյան կոմիտեն, ինչպես նաև Ժիրայր և Սրբուկ Սարգսյանները՝ Սան Ֆրանցիսկոյից: Պատկերագիրքը արմտահայերենի է վերածել «ԵՌԱԳՈՅՆ» արևմտահայերեն առաջին լրատվական կայքի խմբագիր Նարինե Դումանյանը:

Արժեքավոր նյութեր հավաքելու նպատակով Գաբրիել Փանոսյանն ու գրքի խմբագիր Սեդա Գալստյանն օգտվել են Հայ հեղափոխական դաշնակցության, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային, Հայաստանի պատմության թանգարաններից: Արխիվային բացառիկ լուսնկարներ են փոխանցել Համո Օհանջանյանի և Դրաստամարտ (Դրո) Կանայանի թոռները: Ի դեպ, գրքի օրինակներից ուղարկվել են սփյուռքյան տարբեր համայնքեր:

Մայիսի 16-ին ԵՊՀ Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել պատկերագրքի շնորհանդեսը, որը ջերմ մթնոլորտում է անցել: Ներկա պատմաբաններն ու մտավորակնները բարձր են գնահատել այս գրքի լույս ընծայումը՝ շեշտելով, որ այն իր հարուստ և ընդգրկուն բովանդակությամբ լիարժեքորեն կարելի է պատմագիտական հանդես համարել:

Scroll Up