«Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբին ընդառաջ. նաև պարով պիտի հաղթենք

«Հայերն այսօր»- Նրանք հաղթեցին սիրելով, ժպտալով ու պարելով։ Հեղափոխության այս մոդելն անհայտ էր աշխարհին։ Հաղթական քոչարու, յարխուշտայի հնչյունները լսելի էին տարբեր անկյուններից։ Համաժողովրդական ոգու վերածնունդը, թերևս, դժվար է պատկերացնել առանց ազգային երգ ու պարի, քանզի այն վերադարձնում է մեզ մեր ինքնությանը։ Իսկ իր ինքնությունը վերագտած քաղաքացին անպարտելի է և, ուրեմն, արդեն՝ հաղթանակած:

Դեռ ամիսներ առաջ, մինչ ազգային այս զարթոնքը, Գրենոբլի «Հայկական մշակույթի տունը», առաջնային համարելով միասնականության գաղափարը, մայիսյան հաղթանակների առթիվ հանդես եկավ համահայկական ֆլեշմոբ կազմակերպելու նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով մայիսի 26-ին համախմբել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերին՝ քոչարու շուրջ։ Այսօր արդեն միահամուռ քոչարի պարելու ցանկություն և պատրաստակամություն է հայտնել 78 կազմակերպություն, որոնք ներկայացնում են 52 քաղաքներ 25-ից ավելի երկրներից: Ի դեպ, այս բացառիկ միջոցառմանը կարող է միանալ մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից, զբաղվածությունից և անգամ քաղաքական հայացքներից: Պարզապես անհրաժեշտ է նախապես լրացնել մասնակցության հայտը www.aripariqochari.com կայք-էջում, մայիսի 26-ին մեր բնակության երկրներում պարել քոչարի, նկարահանել, այնուհետև տեսանյութը վերբեռնել youtube կամ facebook՝ վերնագրի մեջ անպայման ավելացնելով #aripariqochari հեշթեգը, որը կօգնի որոնման համակարգերին տեսանյութը դարձնել բոլորին արագ և հասանելի:

Թեև միջոցառման անցկացմանը հաշված օրեր են մնացել, սակայն «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին մասնակցել ցանկացողների թիվն օր օրի ավելանում է՝ ընդգրկելով ավելի լայն աշխարհագրություն: Սա նշանակում է, որ մայիսի 26-ին կստեղծվի էներգետիկ մի հզոր կամուրջ հայրենիքում և աշխարհի ամենահեռավոր անկյունում ապրող ամեն հայի միջև։ Ուստի, կոչ ենք անում մեր հայրենակիցներին և համաժողովրդական շարժման առաջնորդներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բաց չթողնել աշխարհին գեղեցիկ ներկայանալու և մեր նոր մայիսյան հաղթանակը քոչարիով ամրագրելու այս հնարավորությունը: Եվ ուրեմն՝ արի´, պարի´ քոչարի:

Անչափ շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը, որ ծրագրի մեկնարկի առաջին օրերից վստահեց մեզ և օգնության ձեռք մեկնեց՝ պատրաստակամություն հայտնելով մինչև վերջ աջակցելու այս ազգանպաստ նախաձեռնության իրականացմանը:

Սիրանուշ Խաչատրյան

«Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբ նախագծի հեղինակ և համակարգող

Scroll Up