Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններում կարող է Դիարբեքիրից առաջադրվել հայ թեկնածու

Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, այս տարվա հունիսի 24-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններում, կարող է առաջադրվել Դիարբեքիրի հայ համայնքի ներկայացուցիչներից Գաֆուր Թյուրքայի (Օհաննես Օհանյան) թեկնածությունը: Այդ մասին Դիարբեքիրից հաղորդում է Akunq.net-ի հատուկ թղթակից Կարոտ Սասունյանը:

Կարոտ Սասունյանի փոխանցմամբ` Գաֆուր Թյուրքայի թեկնածությունը կառաջադրվի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կողմից: Ինչպես հայտնի է, նախկինում իսլամացված, այնուհետև մկրտված Գաֆուր Թյուրքայը, որի հայկական անունը Օհաննես Օհանյան է, տեղի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից է, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկը հանդիսացող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու ղեկավար խորհրդի անդամներից: Թուրքայը հաճախ է այցելել Հայաստան, նաև հայրենիք առաջնորդել Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին մասնակցած դիարբեքիրցի հայերին:

Ինչպես նշում է Կարոտ Սասունյանը, այս առաջադրման հավանականությունը մեծ ոգևորություն է առաջացրել Դիարբեքիրի հայ համայնքում: Նրա փոխանցմամբ` ժողովուրդների դեմոկրատական կուսակցության իրավասուների ժողովում ընդգծվել է, որ հայերը փոքրամասնություն են համարվում սեփական մայր հայրենիքում, և որ կուսակցությունն անպայման դրական մոտեցում կցուցաբերի ազգությամբ հայ քաղաքացիների թեկնածությունը, և որ դա ոչ թե շնորհ կլինի` արված տեղի հայերին, այլ ուղղակի կվերականգնվի նրանց իրավունքը:

Այսօրվա դրությամբ արդեն իսկ սկսվել է ներկայացված հավանական թեկնածուների ցանկի ուսումնսիրությունը, իսկ վերջնական ցանկը Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդին (Yüksek Seçim Kurulu / YSK) կներկայացվի մայիսի 21-ին: Akunq.net-ի թղթակիցը նաև հայտնում է, որ Դիարբեքիրի պատգամավորների թեկնածուները մայիսի 24-ին կայցելեն Դիարբեքիր, որտեղ հատուկ ընդունելություն կկազմակերպվի նրանց պատվին:

Թարգմանեց Մելինե Անումյանը

Scroll Up