Ամերիկայի հայկական համագումարը սգում է Կալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դյուքմեջյանի կորուստը

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սգում է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ և ոգեշնչող ամերիկահայ Ջորջ Դյուքմեջյանի կորուստը, ով կյանքից հեռացավ ս.թ. մայիսի 8-ին:

Ջորջ Դյուքմեջյանը Կալիֆորնիայի նահանգապետ էր ընտրվել և ծառայել երկու ժամկետ` 1983թ. հունվարից մինչև 1991թ. հունվարը: Նրա ութ պետական ​​բյուջեներից յուրաքանչյուրում կրթությանը պետական ​​բարձրագույն ֆինանսավորման գերակայություն էր տրվում: 1985թ. Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը քննարկեց օրինագիծ՝ Կալիֆորնիայի ամբողջ հանրային կրթական համակարգում մարդու իրավունքների և ցեղասպանության մասին ծրագրի ներառման վերաբերյալ: Եվ Կալիֆորնիայի նահանգային Սենատը և Կալիֆորնիայի նահանգային ժողովը հաստատեցին օրինագիծն այդ տարվա սեպտեմբերին: Նահանգապետ Դյուքմեջյանն օրինագիծը վավերացրեց 1985թ. սեպտեմբերի 28-ին և նոր ուսումնական ծրագիրն առաջին անգամ տպագրվեց 1987թ.:

«Ջորջ Դյուքմեջյանը Համագումարի երկարամյա անդամ էր, և 1987, 1988 ու 2012 թվականներին նրան հարգանքի տուրք մատուցեցինք լիովին արժանվույն: Նա իր կյանքը նվիրել էր հանրային ծառայությանը և մեծ թվով երիտասարդ ամերիկահայերի էր ոգեշնչում: Կալիֆորնիա նահանգում և երկրում նրա ավանդի մասին իրողությունն ուշագրավ է և հպարտություն է պարգևում մեզ», – հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

Ամերիկայի հայկական համագումարի՝ 1987թ. Ջորջ Դյուքմեջյանի պատվին հանդիսությանը շատ քաղաքական առաջնորդներ էին ներկա ամբողջ երկրից: Նախագահ (այդ ժամանակ՝ փոխնախագահ) Ջորջ Բուշ ավագը, Սենատոր Ռոբերթ (Բոբ) Դոլը (հանրապետական, Կանզաս), սենատոր Էդվարդ Քենեդին (դեմոկրատ, Մասաչուսեթս), սենատոր Լերրի Փրեսլերը (հանրապետական, Հարավային Դակոտա), կոնգրեսական Ռոբերթ Դորնանը (հանրապետական, Կալիֆորնիա), կոնգրեսական Չիփ Փաշայանը (հանրապետական, Կալիֆորնիա), Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջորջ Քևերյանը, Նյու Ջերսիի նահանգային ժողովի մեծամասնության առաջնորդ Գարաբեդ (Չաք) Հայթայանը, Կալիֆորնիայի նահանգային ժողովի մեծամասնության առաջնորդ Ուոլթեր Քարաբյանը, ամերիկյան դիվանագետ Բարրի Զորթյանը և Նախագահի ճառագիր Քեն Խաչիգյանը բոլորը ներկա էին՝ ի թիվս այլ հարգարժան հյուրերի: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը և նահանգապետ Մայքլ Դուկակիսն ի պատիվ նահանգապետ Դյուքմեջյանի հատուկ տեսաուղերձներ էին հղել:

Նախագահ Ռեյգանը նշել էր. «Ամերիկայի հայկական համագումարը ճիշտ ընտրություն է կատարել: Սա իրապես ըստ արժանվույն պատվո հանդիսություն է: Ջորջը ծառայել է իր համայնքին, նահանգին և երկրին բարձր արժանիքներով»:

Նախագահ Ռեյգանը շարունակել էր. «Դյուք, Ձեր կողմից նաև հստակ արտահայտվել է, թե Ձեր հայկական ժառանգությունն ինչ մեծ նշանակություն ունի Ձեզ համար: Ինչպես գիտենք, շատ ամերիկահայեր մեր երկիր ներգաղթեցին շատ դժվար հանգամանքներում, և հաճախ քիչ, կամ առանց գումար: Սակայն քիչ ամերիկացիներ են այսպես մարմնավորել ամերիկյան երազանքի էությունը: Տքնաջան աշխատանքով նրանք նոր կյանք են ստեղծել, ինչով կարող են հպարտանալ, մեծ գործեր են իրականացրել և երբեք չեն կորցրել իրենց հիմնական արժեքները: Ջորջ Դյուքմեջյանը հենց այսպիսի մարդ է: Նա բնավորությամբ ուժեղ է և անսահման հոգատար: Սրանք ընդամենը մի քանիսն են այն իրողություններից, որոնց համար Ձեզ պատվում են, Դյուք»:

Գալա-հանդիսության ժամանակ փոխնախագահ Բուշը գովեստի խոսքեր էր ուղղել նահանգապետ Դյուքմեջյանին: «Ես և Բարբարան ջերմորեն ողջունում ենք Ամերիկայի հայկական համագումարի՝ Ջորջ Դյուքմեջյանի պատվին հանդիսության ներկաներին: Իհարկե, Ամերիկայի հայկական համագումարը շատ բան է արել մեր երկրում ամերիկահայ համայնքի համար: Բոլորդ հպարտանալու շատ բան ունեք: Սակայն առավել կարևոր է այն, որ նահանգապետ Դյուքմեջյանը շատ բան է արել ոչ միայն ամերիկահայերի համար, այլև տարբեր ազգության միլիոնավոր ամերիկացիների համար:

Հաջորդ տարի Համագումարը նահանգապետ Դյուքմեջյանին հարգանքի տուրք մատուցեց Կալիֆորնիա նահանգի Բևերլի Հիլս քաղաքում: Բոբ Հոֆը շնորհավորական ուղերձում նշել էր. «Նա իմ սիրելի կալիֆորնիաբնակներից մեկն է, և կարծում եմ, որ նա լավ է գործել որպես նահանգապետ»:

Ի պատիվ նրան՝ Համագումարը «Հանրային ծառայության համար Դյուքմեջյանի մրցանակ» էր ստեղծել, որը տրվում է օրինակելի պետական ​​ծառայողի հատկանիշներ մարմնավորող անհատներին: Նախորդ մրցանակակիրների թվում են` Քենեթ Խաչիջյանը 2017թ., Չարլզ «Չաք» Փուչիգյանը և Դեբորա Փուչիկյանը 2012թ., նախկին սենատոր Փոլ Սարբեյնսը (դեմոկրատ, Մերիլենդ) 2006թ., Կանադայի նախկին խորհրդարանական Սարգիս Ասադուրյանը 2005թ., Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) և նախկին համանախագահ կոնգրեսական Ջո Նոլենբերգը (հանրապետական, Միչիգան) 2004թ., կոնգրեսական Դեյվիդ Դրեյերը (հանրապետական, Կալիֆորնիա) 2003թ., ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրը (դեմոկրատ, Կալիֆորնիա) և նախկին կոնգրեսական Ջոն Սուինին (հանրապետական, Նյու Յորք) 2001թ., Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը 1998թ., Հայաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախկին նախարար Գառնիկ Նանագուլյանը:

2017թ. իր շնորհակալական ելույթում Խաչիկյանը հայտարարեց. «Առիթից օգտվելով կցանկանայի նշել, որ կարծում եմ այսօր Ամերիկայի հայկական համագումարը իրականում հարգանքի տուրք է մատուցում ոչ թե ինձ, այլ Ջորջ Դյուքմեջյանին՝ նրա հանրային ծառայության համար»:

Ջորջ Դյուքմեջյանը 1979-1983թթ. ծառայել է որպես Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազ: Մինչ այդ նա ծառայել է Կալիֆորնիայի նահանգային ժողովում 1962-1967թթ. և տասներկու տարի՝ 1967-1979թթ. Նահանգային ​​Սենատում, որտեղ նա ներկայացնում էր Լոնգ Բիչ քաղաքը և հարակից Հարավային Կալիֆորնիայի համայնքները:

Նա ինը պատվավոր կոչում էր ստացել և Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցի քաղաքականության ինստիտուտում հրավիրյալ դասախոս էր: Նա Կալիֆորնիայի համալսարանի Վարչության պատվավոր անդամ էր և Կալիֆորնիայի պետական ​​համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ: 2013թ. Լոս Անջելեսի շրջանի Լոնգ Բիչ քաղաքում նոր դատարանի շենքի բացման արարողության ժամանակ այն պաշտոնապես անվանվեց «Նահանգապետ Ջորջ Դյուքմեջյանի անվան դատարանի շենք»:

Scroll Up