Փարիզում հիմնադրվել է հայկական թատերախումբ

Փարիզում արդեն մեկ տարի է՝ գործում է հայկական թատերախումբ: Առաջին քայլերն արվել են 2017 թվականի հունիսի 4-ին՝ Բելգիայում: Թատերախումբը ներկայացրել է «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը, որն իր մեջ ընդգրկել է Հ. Թումանյանի այն հեքիաթները, որոնք ամենաշատն են սիրված արտերկրում բնակվող հայ մանուկների կողմից:

«Մեր նպատակն էր նրանց ներկայացնել հեքիաթները և´ արևելահայերեն, և´ արևմտահայերեն: Միաժամանակ հասանելի դարձնել այն փոքրիկներին, որոնք որևէ պատկերացում չունեն հայկական հեքիաթների մասին: Ներկայացումները տեղի են ունեցել հունիսի 9-ին և 14-ին՝ Փարիզում: Հաջորդ ներկայացումը ամանորյա տոներին էր նվիրված, որը կոչվում էր «Փարիզյան պարահանդես» և հագեցած էր անկանխատեսելի տեսարաններով, վառ գույներով, ծանոթ և անծանոթ կերպարներով և, իհարկե, Ձմեռ Պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ, որոնք ներկայացման վերջում իրենց նվերներով փոքրիկների տոնը դարձրին էլ ավելի հիշարժան և հեքիաթային: Ներկայացումներն իրականացվել են «Bonheur Retrouve» («Վերագտնված երջանկություն»)կազմակերպության հետ միասին»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց «Կոլաժ» թատերախմբի փոխտնօրեն, կազմակերպիչ Հեղինե Տեր Օհաննեսյանը:

2018թ.ին թատերախումբը որոշում է ընդունել ունենալ իր հիմնական կազմը և իր առջև նպատակ դրել օտար հողում ներկայացումների միջոցով հայ երեխաներին մեջ վառ պահել հայկական մշակույթը, նրանց ծանոթացնել հայ հեղինակների հետ, արևմտահայերեն և արևելահայերեն ներկայացնել նաև արտասահմանյան հեղինակներին՝ ներկայացումների մեջ ներգրավելով երեխաներին:

Թատերախումբն ունի նպատակ՝ բեմադրել ներկայացումներ հետագայում նաև մեծահասակների համար: Արմինե Գաբրիելյանը և Հեղինե Տեր Օհաննեսյանը, միավորվելով այս գաղափարի շուրջ, հիմնել են «Կոլաժ» թատերախումբը, որը հետագայում նպատակ ունի դառնալ կազմակերպություն և մի շարք մշակութային ծրագրեր կյանքի կոչել:

«Թատրոնը սինթետիկ արվեստ է, իսկ կոլաժն իր մեջ ներառում է արվեստի տարբեր տարրերը: Ահա սա է պատճառը, որ թատերախումբը «Կոլաժ» ենք անվանել:  Առաջիկայում թատերախումբը նախատեսում է համագործակցել Փարիզում գործող «Կայծ» և «Հայ դաս» կազմակերպությունների հետ՝ հունիս ամսին նախաձեռնելով մանկական ներկայացում «Քաջ Նազարի արկածները» խորագրով: Ներկայացման մեջ ընդգրկված են դերասանուհիներ Ռուզաննա Մաթևոսյանը՝ Հայաստանից, որը նաև պիեսի մշակման հեղինակն է, Արմինե Գաբրիելյանը, որը «Կոլաժ» թատերախմբի գեղարվեստական ղեկավարն է, և ներկայացման բեմադրության հեղինակ, դերասան Ալբերտ Եզակյանը: Երաժշտական ձևավորման հեղինակներն են Էդգար Աբրահամյանը, Մարգո Մարկոսյանը, Ռաֆայել Ռաջաբյանը, բեմի ձևավորման պատասխանատուն է Տիգրան Գաբրիելյանը: Ներկայացման մեջ զբաղված են լինելու նաև Փարիզի «Համազգային Թարգմանչաց» դպրոցի սաները»,-նշեց Հեղինե Տեր Օհաննեսյանը:

Scroll Up