Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ապրող հայերին կոչ է արել վերադառնալ եւ ներդրումներ անել Հայաստանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ապրող հայերին կոչ է արել վերադառնալ եւ ներդրումներ անել Հայաստանում։ Քիչ առաջ Փաշինյանը ժամանել է Սոչի։ Ադլերի Սբ Սարգիս եկեղեցու մոտ մեծ բազմություն է հավաքվել՝ դիմավորելու վարչապետին։

Փաշինյանը կոչ է արել վերադառնալ եւ ներդրումներ անել Հայաստանում։ «Սա նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում երաշխավորված է լինելու, եւ որեւէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո։
Սա մեր ժողովրդի եւ մեր պետության աստեղային ժամն է։ Այսօր մեր պետության հեղինակությունը բարձր է, քան երբեւէ։
Ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք եւ երջանիկ լինենք մեր հայրենիքում»,- նշել է Փաշինյանն ու հավելել. «Ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ մարդկանց, ում վերջին անգամ տեսել էի Երեւանի Հանրապետության հրապարակում։ Հայ ժողովուրդը լի է էներգիայով՝ շենացնելու իր հայրենիքը՝ Հայաստանը եւ Արցախը»։

«Հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, շատ ավելի դաշնակցային ու եղբայրական»,- ասել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ վաղվա հանդիպումները շատ արդյունավետ են լինելու։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին աշխատանքային այցով ժամանել է  Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ:

Scroll Up