Ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Մայիսի 8-ին ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նրա արվեստի ուժը, հմայքը ոգևորություն աղբյուր են դարձել շատերի համար: «Ուրախալի է, որ ԱՄՆ-ում մենք ունենք մեծ հայ, լավ ընկեր ու բարեկամ: 2014-ի գարնանը դուք աշխարհին ներկայացրիք մի նոր աննախադեպ ստեղծագործություն՝ բրոնզակուռ «Մոր ձեռքերը» կոչվող խաչքար-հուշարձանը՝ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակին նվիրված: Այն տեղադրվել է Լոուել քաղաքի քաղաքապետարանի դիմաց՝ տեսանելի բոլորի համար, և արժանի է կոչվել «Մայր խաչքար», քանի որ առանձնահատուկ է իր խորհուրդով՝ ստեղծված բրոնզի և գրանիտի համադրությամբ, որտեղ քարը խորհրդանշում է մարմինը՝ «Հայրենիքը», բրոնզը՝ հոգին՝ «Սփյուռքը»,-նշեց Հրանուշ Հակոբյանը: Նա նաև կարևորեց, որ 2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Դանիել Վարուժան Հեջինյանը իր ջանքերով ԱՄՆ-ում տեղադրել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված 100 վահանակ:

Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար Դանիել Վարուժան Հեջինյանը դեռևս փետրվարի 12-ին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով: Այսօր նախարարություն այցի շրջանակներում Հրանուշ Հակոբյանը ամերիկահայ հայտնի նկարչի հանձնեց պարգևը:

Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ Դանիել Վարուժան Հեջինյանը նշեց, որ յուրաքանչյուր արվեստագետի երազանքն արժանի գնահատականն է: «Սփյուռքի նախարարությունը մեզ համար կամուրջ է դեպի Հայրենիք: Եթե չլիներ այս կառույցը շատ սփյուռքահայեր պիտի կտրված լինեին Հայաստանից: Տիկի՛ն Հակոբյան, շնորհակալություն Ձեզ և նախարարության աշխատակիցների նվիրված և արգասաբեր աշխատանքի համար»,-նշեց ամերիկահայ արվեստագետը:

Scroll Up