Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Բուխարեստում

Մայիսի 4-ին Բուխարեստի հռչակավոր «Ատենեուլ Ռոման» կենտրոնական համերգասրահում Ռումինիայում ՀՀ դեսպանության և Բուխարեստի ֆիլհարմոնիայի աջակցությամբ տեղի ունեցավ Ջեորջե Էնեսկուի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական մեծ համերգը` նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, մջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը: Դեսպանն իր խոսքում նշեց, որ հարյուր տարի առաջ՝ 1918 թ. մայիսի 28-ին, Հայաստանը հռչակեց իր անկախությունը և հաստատվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը՝ վերականգնելով հարյուրամյակներով կորսված ինքնիշխան պետականությունը:

Դեսպանը նաև նշեց. «Հայաստանի պետական անկախությունը նվաճվեց պատմական բարդագույն ժամանակներում, առաջին համաշխարհային պատերազմի վերջին վայրիվերումներում, երբ դեռևս թարմ էին 1915 և հաջորդած տարիներին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության արյունածոր վերքերը: Հավաքելով վերջին ուժերը, իր միասնական կամքը բռունցք արած՝ հայ ժողովուրդը Սարդարապատի պատմական ճակատամարտում կասեցրեց թուրքական զորաբանակի առաջխաղացումն ու հետ շպրտեց նրան՝ փառահեղ նոր էջ բացելով իր բազմահազարամյա պատմության մեջ ու հնարավոր դարձնելով Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը»:

Դեսպան Մինասյանը նաև ընդգծեց, որ չնայած կարճատև գոյությանը, նորակերտ պետականությունն ունեցավ պատմական նշանակություն, այդ թվում և 1991 թ․-ին Հայաստանի անկախ պետականության վերջնական վերականգնման համար:

Դեսպան Մինասյանը նաև հավելեց, որ խորհրդանշական է, որ Ռումինիան, որն այս տարի նշում է Մեծ Միավորման 100-ամյա հոբելյանը, 1991թ. եղավ առաջին պետություններից մեկը, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, ճիշտ այնպես, ինչպես առաջիններից էր, որ պաշոնապես ապաստան առաջարկեց ցեղասպանությունից մազապուրծ հայության բեկորներին: Ինչպես Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության ընթացքում, այնպես էլ 1991թ. Հայաստանի ինքնիշխանության վերականգնումից հետո Ռումինիան և Հայաստանը հաստատեցին և զարգացրեցին դիվանագիտական, քաղաքական, մշակութային և այլ հարաբերություններ՝ որպես բարեկամության կամուրջ ունենալով ռումինահայ համայնքը:

Այնուհետև Ջորջ Էնեսկուի անվան ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Հորիա Անդրեեսկուի ղեկավարությամբ և ջութակահար Էմանուել Ճգնավորյանի մենակատարությամբ, հանդես եկավ համերգով, որի ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Յան Սիբելիուսի, Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները:

Համերգին ներկա էին Ռումինիայի պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Ռումինիայի Հայոց Միության և Ռումինահայոց թեմի ղեկավարներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Scroll Up