«Թաթուլ Ալթունյան»-ի անվան երգի և պարի պետական անսամբլը համերգով հանդես եկավ Նոր Ջուղայում

Նախաձեռնությամբ Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության Կենտրոնական վարչության և կազմակերպությամբ նույն միության Մշակութային միավորի վարչության, մայիսի 1-ի երեկոյան միության հանդիսությունների դահլիճում համերգով հանդես եկավ Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի ու պարի պետական անսամբլը:

ՀՀ հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերպված համերգի մեկնարկը տրվեց դհոլ-զուռնայի ուղեկցությամբ, որին հաջորդեցին անսամբլի անդամների մուտքը դահլիճ: Այնուհետև տեղի ունեցավ նվագախմբի, երգչախմբի ու պարախմբի խանդավառ կատարումները:

Համույթի հաղորդավարուհի Մարինե Մալյանը, ողջունելով հանդիսատեսին, նշեց, որ Թաթուլ Ալթունյանի անվան անսամբլը Իրան է ժամանել Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության, ՀՈՒՍԿ հաստատության և Հայ ակումբի համատեղ հրավերով: Ապա շնորհակալական ու երախտագիտության խոսք ասաց հրավերի և Իրանում ելույթ ունենալու առիթը ընձեռելու առումով. «Մշակույթը միասնականության ամրապնդման և Հայաստանի շուրջ համախմբելու գաղափարը սերմանելու լավագույն միջոցն է: Դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախևառաջ գործ է և ոչ՝ խոսք: Աշխարհի հինգ մայրցամաքներ այցելած և հազարավոր սրտեր նվաճած 80-ամյա անսամբլը, կատարելով իր առաքելությունը, աշխարհին է ներկայացրել հայկական ավանդական երգն ու պարը, ազգային նվագարանն ու հայկական տարազը»:

Երեկոյի ընթացքում անսամբլը հանդես եկավ Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հեքիմյանի, Առնո Բաբաջանյանի, Գուսան Շերամի ու այլոց հայկական ժողովրդական ու հայրենասիրական երգ-երաժշտության և պարային համարների բարձրորակ ու շքեղ կատարումներով, որոնք արժանացան հանդիսատեսի դահլիճը թնդացնող երկարատև ծափողջյուններին:

Համերգի ավարտին միության Կենտրոնական վարչության անունից Մանիա Ղուկասյանը շնորհակալական խոսք ասաց իրականացրած համերգի և հանդիսատեսին բարձր տրամադրություն հաղորդող կատարումների համար, որից հետո թեմակալ առաջնորդի ձեռամբ հուշանվեր հանձնվեց խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանին, ով ուրախություն և հպարտություն համարեց արվեստների ու արհեստների քաղաք` Սպահանի Նոր Ջուղայում կրկին անգամ ելույթ ունենալու կապակցությամբ, ասելով, որ Թաթուլ Ալթունյանի անվան անսամբլը առաջին անգամ Նոր Ջուղայում համերգով ելույթ է ունեցել 1944 թվականին և հպարտություն համարեց այն, որ արվեստի և մշակույթի միախառնումից ստացվել է մի գեղեցիկ որակ, որը կոչվում է եղբայրություն և համատեղ գործունեություն: Ավարտին Ալթունյանը շնորհակալություն հայտնեց միության պատասխանատուներին՝ հոգատար և բարի վերաբերմունքի համար:

Հավելենք, որ անսամբլի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը, գլխավոր բալետմայստերը` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանը, տնօրենը` Գրիգոր Ոսկանյանը, իսկ գործիքավորման բաժնի ղեկավարը Էդգար Ավետիսյանն է:

Համերգը վայելում էր Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեջյանի հովանավորությունը և ներկայությունը: Ներկա էին նաև քահանայից դասի, Ազգային մարմինների և Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները, միության արտոնատերեր Թաթուլ Օհանյանը և Այլին Մելիքյանը, միութենականներ և հոծ թվով հանդիսատես:

Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության 

թղթակից Երանուշ Թահմազյան

Scroll Up