ՀՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներ Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիրում

Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիրի «Քանանյան» և «Կատարինյան» ավագ դպրոցների տեսչությունների, ուսուցչական կազմերի ու ծնողական խորհուրդների համատեղ նախաձեռնությամբ և Նոր Ջուղայում ՀՀ հիմնադրման 100-ամյակի տոնակատարության կենտրոնական հանձնախմբի հովանավորությամբ մայիսի 1-ի, ժամը՝ 17:30-ին, կրթահամալիրի «Ալենուշ Տերյան» սրահում տեղի ունեցավ գիտելիքների մրցույթ, իսկ ժամը 19:30-ին կրթահամալիրի կենտրոնական դահլիճում բացումը կատարվեց աշակերտական լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսի:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Երանուշ Թահմազյանը, գիտելիքների մրցության մեկնարկը հանդիսացավ ՀՀ օրհներգի միասնական երգեցողությամբ, ապա մրցության վարիչ Կարին Տեր-Մարտիրոսյանը ներկայացրեց մրցության կարգը, որին մասնակցություն էին բերել 15 խմբից կազմված 8-րդ և 9-ր դասարանների աշակերտներ, ծնողներ և շրջանավարտներ: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված էր երեք մասնակից, որոնք պատասխանեցին հայոց պատմության, գրականության, մարզական, երգ-երաժշտության և ընդհանուր գիտելիքների հարցաշարին: Ըստ իրավարար կազմի նշանակած գնահատականների ամենաշատ նիշ հավաքած երեք խմբերը  մրցեցին եզրափակիչ  փուլում : Արդյունքում որոշվեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած խմբերը:

Մրցության ավարտին լուսանկարների ցուցահանդեսի բացումը կատարվեց Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեջյանի ձեռամբ: Խորհրդանշական ժապավենի հատումից հետո ներկաները շրջեցին սրահով,  որից հետո աշակերտները հանդես եկան ողջույնի շնորհակալական խոսքերով՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր նշված միջոցառումների իրականացմանը աջակցություն էին ցուցաբերել: Իսկ զույգ դպրոցների աշակերտներից կազմված երգչախումբը կատարեց «Հայոց տուն» և «Հայաստանը մերն» է երգերը՝ Նարբեյ Գրիգորյանի ղեկավարվոթյամբ:

Հաջորդիվ Հոնկոնգում կայացած աշակերտական լուսանկարների միջազգային մրցույթի հաղթողներին շնորհվեց նվաճած մրցանակը և պատվոգրերը, այունհետև գիտելիքների և լուսանկարների մրցությունների բոլոր մասնակիցները պարգևատրվեցին գնահատագրերով, իսկ հաղթողներին և լուսանկարների մրցության կազմակերպչական աշխատանքներին աջակցող Վազրիկ Մելքոնյանին հանձնվեց նաև հուշանվեր` ձեռամբ թեմակալ Առաջնորդի, Ազգային  մարմինների և դպրոցի պատասխանատուների ներկայացուցիչների:

Պատվոգրերի էին արժանացել նաև դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնյանը և աշխատակազմից Կարին Տեր-Մարտիրոսյանն ու Սյունե Մինասյանը:

Միջոցառման ավարտին Ազգային իշխանության անունից թեմի Պատգամավորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանյանը, ողջունելով դպրոցում արտադասարանային միջոցառումների կազմակերպումը, իր հպարտությունը և ուրախությունը հայտնեց առ այն, որ դպրոցականները և Նոր Ջուղայի հայ համայնքը պատշաճ կերպով նշում և արժևորում է  ՀՀ անկախության 100-ամյակը:

Նշելի է, որ լուսանկարչական մրցույթին մասնակցել էին 21 աշակերտ-աշակերտուհիներ` 70 լուսանկարներով: Լուսանկարները գնահատել էին Սպահանի լավագույն լուսանկարիչները և լուսանկարչական դասընթացը, աշխատանոցը վարող անվանի լուսանկարիչ Յասեր Արաբը:

Լուսանկարները՝ հեղինակի

Scroll Up