Եվգենիա Մեդվեդևան կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում

Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, 18-ամյա Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) կարող է փոխել սպորտային քաղաքացիությունը հայկականի, քանի որ նրա հայրը գործարար Արման Բաբասյանն է: PanARMENIAN.Net -ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է «Վես սպորտ» գործակալությունն իրազեկ աղբյուրի վրա հղումով:

Նշվում է, որ Մեդվեդևան հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում, երկարացնելու համար իր մասնակցությունը պաշտոնական մրցումներին: Նաև, ըստ պարբերականի, գեղասահորդուհին կտեղափոխվի Կանադա, որտեղ կաշխատի հայտնի մարզիչ Բրայան Օրսերի հետ:

Ըստ ԶԼՄ-ների, նա կարող է մեկնել Կանադա արդեն հունիսին, Ճապոնիայում կայանալիք ցուցադրական ելույթներից հետո:

Ավելի վաղ Սպորտի և կրթության «Սամբո-70» կենտրոնի գլխավոր տնօրեն Ռենատ Լայշևը հաստատել էր ԶԼՄ-ների այն տեղեկությունը, որ Մեդվեդևան ավարտել է համագործակցությունն իր մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ: Նա նաև նշել էր, որ Մեդվեդևան կշարունակի մարզվել «Սամբո-70» կենտրոնում, բայց մեկ այլ մարզչի մոտ:

Scroll Up