«Բուլղարահայ երիտասարդները շատ սիրեցին Հայաստանը». Շողեր Սիմոնյան

Բուլղարիայի Վառնա և Բուրգաս քաղաքների մի խումբ հայ երիտասարդներ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում ապրիլի վերջին այցելել էին Հայաստան: Նրանց ուղեկցում էին «Գայանե Մարաշյան» պարախմբի ղեկավարներ Մերի Սեֆերյանը,  Իվան Խրիստովը և Հայ օգնության միության  Վառնայի մասնաճյուղի ատենապետուհի, թեմական խորհրդի անդամ և թեմական խորհրդի պատագմավոր  Շողեր Սիմոնյանը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

-Տիկի՛ն Շողեր, ինչպե՞ս որոշեցիք բուլղարահայ երիտասարդների համար դեպի Հայաստան հայրենաճանաչության շրջագայություն կազմակերպել:

-Համացանցի միջոցով տեղեկատվություններ կարդալով «Արի տուն» ծրագրի մասին՝ որոշեցի նրանց Հայաստան բերել, որպեսզի մոտիկից ծանոթանան հայկական մշակույթին և ավանդույթներին:

Ապա Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության աշխատակիցներին իրազեկեցի որոշմանս մասին, և նրանք սիրահոժար ընդառաջեցին խնդրանքիս՝ կազմակերպելով երեխաների այցելությունը, որի համար անչափ շնորհակալ ենք:

Շնորհակալ ենք նաև բարերար Անդրանիկ Շաքարյանին, Վառնայի եկեղեցական վարչության ատենապետ Մասիս Բաղդատյանին և բոլոր նրանց, ովքեր օժանդակեցին այս հրաշալի ճամփորդությունը կազմակերպելու համար:

Ի՞նչ կազմով էին եկել երիտասարդները:

-Հիմնականում Վառնայի «Գայանե Մարաշյան» պարախմբի անդամներն էին ընդգրկված խմբում, երիտասարդներ էին եկել նաև Բուրգասից: Նրանք այն երիտասարդներն են, ովքեր ժամանակին ՀՄԸՄ-ի սկաուտներ են եղել և հաճախել են հայոց լեզվի դասընթացների: Ասեմ, որ առաջին անգամ Հայաստան եկող հայ և բուլղարացի երիտասարդներ նույնպես կան մեր խմբում:

Առհասարակ, ուժ ու եռանդ չենք խնայում, որպեսզի բուլղարահայ երիտասարդները հայեցի կրթություն և դաստիարակություն ստանան, օտար ափերում հավատարիմ մնան իրենց կրոնին, մայրենիին և ուծացման չենթարկվեն: Քաջ գիտակցում ենք՝ նրանք են վաղվա մեր հույսը, որոնց կարող ենք անվերապահորեն ապավինել:

Նրանք  «Արի տուն» ծրագրից ի՞նչ տպավորություններով հեռացան:

-Անկեղծ ասած, երեխաների տպավորությունները բառերով չեմ կարող նկարագրել: Նրանց հիացմունքն ու հուզմունքն այնքա՜ն մեծ էր Հայաստանից, որ տեսարժան, պատմամշակութային վայրեր այցելելիս՝ մեծ դժվարությամբ էին հեռանում, քանի որ ցանկանում էին իրենց Հայրենքի մասին ամեն ինչ իմանալ: Նրանք արցունքոտ աչքերով վերադարձան, իսկ ազգությամբ բուլղարացի պարախմբի ղեկավար Իվանը շատ էր սիրել մեր երկիրը և անընդհատ կրկնում էր, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ:

Համոզված եմ, որ երիտասարդներն այս այցելությունից հետո ավելի հայկականությամբ կվերադառնան Բուլղարիա՝ հետևելով ազգային արժեքների և ինքնության պահպանմանը:

-Տիկի՛ն Շողիկ, ո՞րն է Ձեր եզրափակիչ խոսքը:

-Կարծում եմ՝ «Արի տուն» ծրագիրը սփյուռքահայ երիտասարդների համար հայրենասիրության մի մեծ դպրոց է, քանի որ այն նպաստում է նրանց լիարժեք հայ մնալուն:

Թո՛ղ աշխարհասփյուռ հայերը համախմբվեն Հայաստանի շուրջ և զարգացնեն մեր երկիրը: Ամենակարևոր մաղթանքս այն է, որ Հայաստանում կայունություն լինի, հայոց սահմաններն անվտանգ ու անսասան լինեն, իսկ մեր խիզախ զինվորներն անփորձանք ծառայեն և վերադառնան իրենց ընտանիքներ:

Գևորգ Չիչյան

Scroll Up